ՏՏ ենթակաուցվածք ստեղծող երկու ընկերությունների՝ Դալան Տեխնոպարկի և Օվիոյի միջև կնքվեց համագործակցության հուշագիր
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Օրերս սկիզբ դրվեց կարևոր համագործակցության, որը միտված է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները․ գործընկերության նպատակն է միավորել ջանքերը՝ ստեղծելու լավագույն աշխատանքային պայմաններ ՏՏ ոլորտի համար, հաղորդում է Օվիո ընկերության մամուլի ծառայությունը։
Տեխնո ոլորտը զարգացնելու և համաշխարհային հսկաների համար Հայաստանը գրավիչ դարձնելու գործում մեծ դեր են խաղում թե պետության կողմից տրված արտոնությունները, և թե միջազգային ստանդարտներին համապատասխան շենքային պայմանների ապահովումն ու տվյալների անվտանգ մշակումը, պահպանումը։
Իրենց տեսակների մեջ Հայաստանում առաջին և բացառիկ երկու նախագիծ՝ OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը և Դալան Տեխնոպարկը, միավորեցին ջանքերը՝ ստորագրելով համագործակցության հուշագիր։
Համագործակցության շրջանակում OVIO-ն արտոնյալ պայմաններով կտրամադրի ինտերնետ ծառայություն ու տվյալների մշակման կենտրոնի առաջատար լուծումները Դալան Տեխնոպարկում գործող կազմակերպություններին՝ ապահովելով այդ ընկերությունների տվյալների անվտանգությունը:
«Մեր առաքելությունն է ստեղծել դինամիկ զարգացող բիզնես միջավայր, որը կհամախմբի տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին մեկ հարկի տակ և կդառնա տարածաշրջանում միջազգային ստանդարտներին համապատասխան եզակի բիզնես պարկ, որտեղ կարևորվում է մասնագետների արդյունավետ աշխատանքն ու ստեղծագործ մտքի զարգացումը։
Այս տեսանկյունից կարևորում ենք OVIO-ի հետ համագործակցությունը, որի շրջանակներում մեր հաճախորդներին կարող ենք առաջարկել OVIO ընկերության կողմից մատուցվող հեռահաղորդակցության, տվյալների մշակման կենտրոնում մատուցվող և հարակից այլ ծառայություններ շահավետ պայմաններով, ինչը լրացուցիչ հարմարավետություն կստեղծի տեխնոպարկի տարածքում գործող ընկերությունների համար։
Դալան Տեխնոպարկն իր գաղափարախոսությամբ և տեխնիկական հագեցվածությամբ ձևավորելու է հենց այն միջավայրը, որն իդեալական վայր կլինի նույն գաղափարներով ու հետաքրքրություններով մասնագետների համախմբման համար», - իր ելույթի խոսքում նշեց Դալան Տեխնոպարկի տնօրեն Արմեն Տեր-Տաճատյանը։
«Դալան Տեխնոպարկի հետ համագործակցությունը կարևոր քայլ է, և մենք վստահ ենք, որ այն կխթանի տեխնոլոգիական համայնքի առաջընթացը Հայաստանում։ OVIO-ն պատրաստ է իր առաջատար տեխնոլոգիական լուծումներով աջակցել Դալան Տեխնոպարկում գործող կազմակերպություններին՝ նպաստելով նրանց կայուն աճին և զարգացմանը»,-նշեց OVIO-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը Հայաստանում ամենախոշորն է և կառուցված է TIER III սարքավորումների և ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներով։ Այս կենտրոնը ներառում է սնուցում էլեկտրամատակարարման երկու անկախ ենթակայանից, հովացման պահուստային համակարգ և 24/7 անխափան սպասարկման հնարավորություններ։ Հենց այս հուսալի ենթակառուցվածքն է OVIO-ի գործընկեր կազմակերպություններին տրամադրելու տվյալների պաշտպանության և հասանելիության աննախադեպ մակարդակ։
OVIO-ն Դալան Տեխնոպարկի հաճախորդներին կառաջարկի համատեղակայման ծառայություններ և իր առաջատար ամպային լուծումները, որոնք մշակված են բիզնեսի ժամանակակից պահանջներին համապատասխան։
Այս համագործակցությունը ևս մեկ քայլ է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման և ոլորտի դերակատարների համար նոր հնարավորություններ ստեղծելու ճանապարհին։
Դալան Տեխնոպարկի մասին
Դալանն ունենալու է 154 000 քմ. կառուցապատման մակերես, առաջարկելու է 3000 աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից։ Տեխնոպարկի տասներեք հարկերում տեղակայված են լինելու գրասենյակային տարածքներ, գործելու է ցուցասրահ, գիտահետազոտական կենտրոն, ռեստորան, ֆուդ կորտ, հյուրանոց, մարզասրահ, լողավազան, կենտրոնն ունենալու է կոնֆերանս սրահներ և առևտրային գոտի։
Տեխնոպարկը հագեցած է լինելու տեխնոլոգիական վերջին նորամուծություններով․ մասնավորապես ունենալու է հրդեհային ազդանշանային համակարգ՝ EN ստանդարտներին համապատասխան և ժամանակակից գրաֆիկական վիզուալիզացիայով, երկրաշարժերի և արտակարգ իրավիճակների դեպքում ձայնային հատուկ հրահանգներ փոխանցող համակարգ, տեսահսկման համակարգ՝ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայով և տեսավերլուծության գործառույթներով, ներխուժման հայտնաբերման և խուճապի ահազանգման հատուկ համակարգեր և մի շարք այլ տեխնոլոգիաներ։
Շինարարական աշխատանքներն ընթանում են արագ տեմպերով՝ առաջ անցնելով նախագծված գրաֆիկից։ Հասարակական նշանակության տարածքների բետոնային աշխատանքները գրեթե ավարտված են․ 1-4րդ հարկերն ամբողջությամբ պատրաստ են, 5-րդ և 6-րդ հարկերի շինարարությունը մոտենում է ավարտին։ Զուգահեռ ընթանում են ֆասադի մոնտաժման նախապատրաստական աշխատանքները, շուտով ավարտված հարկերում կմեկնարկեն ինժեներական համակարգերի մոնտաժման աշխատանքները:Տեխնոպարկը շահագործման կհանձնվի 2026 թվականին։
OVIO-ի մասին
OVIO-ն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից է։ Ընկերությունը հիմնադրվել է 2007 թ․-ին և 2012թ․ սկսած մատուցում է ֆիքսված ինտերնետի, Սմարթ հեռուստատեսության, Ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար։
Ընկերության ցանցը հիմնված է օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի վրա և կառուցված է ստորգետնյա տեղակայման եղանակով՝ միացնելով Հայաստանը արտաքին աշխարհի հետ Վրաստանի և Իրանի սահմաններով: OVIO-ն ապահովված է երեք միջազգային կապուղիներով դեպի Ռուսաստան և Եվրոպա, որոնք միմյանցից ֆիզիկապես և աշխարհագրորեն տարանջատված են՝ երաշխավորելով ընկերության հուսալի և անխափան ծառայությունների մատուցումը:
OVIO-ի կորպորատիվ հաճախորդների թվում են հայաստանյան բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, այդ թվում բանկեր և այլ ֆինանսական կառույցներ, պետական գերատեսչություններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային խոշոր կազմակերպություններ։
2024թ․-ի մայիսին ընկերությունը կոմերցիոն շահագործման է հանձնել Հայաստանում խոշորագույն և երկրի համար ռազմավարական նշանակության տվյալների մշակման կենտրոնը։
Տվյալների մշակման կենտրոնի հզորությունը 2 ՄՎտ է։ Այն միացված է ՀՀ էներգոհամակարգին 35 ԿՎտ հզորությամբ ենթակայանով, ինչպես նաև ընթացքում են երկրորդ՝ 110 ԿՎտ հզորությամբ ենթակայանի կառուցման աշատանքները։ Տվյալների մշակման կենտրոնում տեղակայված են 216 սերվերային պահարաններ։