«ԷՖԵՍ» ՓԲԸ–ն Հայաստանում գործարկում է երկու նոր պրոդուկտ առողջության ապահովագրության ոլորտում
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի․/ԱՌԿԱ/․ «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը հուլիսի 1–ից Հայաստանում գործարկում է երկու նոր պրոդուկտ առողջության ապահովագրության ոլորտում։
««ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը տրամադրում է Հայաստանում գործող ապահովագրության բոլոր տեսակները, բայց մենք ուզում ենք ներդնել մեր թիմի բազմամյա փորձն ու գիտելիքները՝ ի բարօրություն մեր բնակչության և ապահովել աշխարհում գոյություն ունեցող ապահովագրության միջազգային տեսակների հասանելիությունը», – հայտարարեց ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանն ասուլիսի ժամանակ։
Ապահովագրություն օնկոլոգիական հիվանդություններից և երկրորդ կարծիքի տրամադրում
Ինչպես տեղեկացրեց Մելիքսեթյանը, նոր պրոդուկտը (Oncocare with Medical Second Opinion - MSO) մշակվել է աշխարհահռչակ Swiss Re վերաապահովագրական ընկերության հովանու ներքո և բժշկական երկրորդ կարծիքի տրամադրման մեջ մասնագիտացած ամերիկյան Mediguide ընկերության հետ համատեղ։ Նա պարզաբանեց, որ պրոդուկտը տրամադրում է ֆինանսական հատուցում քաղցկեղի ախտորոշման դեպքում, ինչպես նաև տրամադրում է բժշկական մասնագիտական երկրորդ կարծիք նշանակված բուժման, ախտորոշման կամ հետազոտության արդյունքների վերաբերյալ։
«Եթե ապահովագրության պայմանագիրը կնքելու պահին ապահովադրի մոտ չի ախտորոշվել քաղցկեղ, բայց եթե առաջին անգամ նման ախտորոշում է դրվում վեց ամիս անց (հետագա տարիների համար սպասման ժամկետ չկա), ապա նա ախտորոշումից անմիջապես հետո ստանում է ֆիքսված միանվագ գումար 4-25 մլն դրամ (10-60 հազար եվրո): Ամսական ապահովագրավճարները սկսվում են 2900 դրամից»,- ասաց նա։
Մելիքսեթյանի խոսքով, նախատեսվում է, որ այս պրոդուկտը հասանելի կլինի բնակչության լայն շերտերին։
«Ամենակարևոր բաղադրիչը բժշկական երկրորդ կարծիքն է, որը տրամադրվում է Mediguide ամերիկյան ընկերության հետ համատեղ առցանց հարթակի միջոցով։ Երկրորդ կարծիքը կարող է ստացվել 10 օրում», – պարզաբանեց նա։
Միաժամանակ «էՖԵՍ »ընկերության գլխավոր գործադիր տնօրենը նշեց, որ հարևան Վրաստանի հետ այս պրոդուկտը կիրառվում է արդեն շուրջ երկու տարի։
«85-90%–ի դեպքերում փոխվում է կամ ախտորոշումը, կամ բուժման սխեման, կամ վիրահատության անհրաժեշտություն չի լինում», – ասաց նա։
International Health առողջության ապահովագրության միջազգային փաթեթ
Խոսելով երկրորդ պրոդուկտի մասին՝ Մելիքսեթյանը նշեց, որ «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը գերմանական Allianz ապահովագրական ընկերության հետ համատեղ ներկայացնում է նոր մակարդակի առողջության ապահովագրության փաթեթ։
«Եթե Հայաստանի քաղաքացին ցանկանում է ձեռք բերել որևէ եվրոպական ապահովագրություն, բայց չի կարողանում դա անել քաղաքացիության և հասանելիության բացակայության պատճառով, ապա Allianz–ը տրամադրել է մեզ ստորագրության իրավունք, որպեսզի մենք կարողանանք տրամադրել այս պրոդուկտը նրա հետ համատեղ 100%–անոց վերաապահովագրությամբ», – ասաց նա։
Գլխավոր գործադիր տնօրենը պարզաբանեց, որ ծածկույթն ապահովվում է գրեթե ողջ աշխարհով, բացառությամբ Հյուսիսային Ամերիկայի, առողջապահության գրեթե բոլոր ուղղություններով՝ սկսած ամենամյա բուժզննումից մինչև օնկոլոգիական հիվանդությունների բուժում։ Ծածկույթի սահմանաչափը կազմում է մոտ 2մլն եվրո, ինքնարժեքը՝ ամսական 120–130 դոլար (47 000 դրամ)։ Կան նաև ընտանեկան փաթեթներ, որտեղ գործում է զեղչերի համակարգ։
Վերաապահովագրական ընկերությունների կարևորությունը
Մելիքսեթյանը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, ասաց, որ վերաապահովագրական ընկերությունների հետ համագործակցության կարևոր գործոններից մեկը կապիտալի պաշտպանությունն է։
«Վերաապահովագրողները հավասարակշռում են մեծ կորուստները ժամանակի և տարածության մեջ», - պարզաբանեց նա։
Բացի այդ, ըստ «ԷՖԵՍ»-ի ղեկավարի, ապահովագրողները սովորում են մեթոդաբանություն, ստանում են հասանելիություն ծավալուն միջազգային փորձի նկատմամբ և ձգտում են այդ փորձը, գիտելիքն ու մշակույթը բերել Հայաստան:
Մոտեցնելով Հայաստանը եվրոպական կյանքի չափանիշներին
«ԷՖԵՍ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Ջորջիո Կալլեգարին նշեց, որ հայկական շուկան առանձնանում է ցանկացած ներդրողի համար չափազանց կարևոր բնութագրերով՝ աճի հնարավոր ներուժով, մարդկային կապիտալի որակով, ինչպես նաև վերահսկիչ մարմինների առկայությամբ և բարձր որակով:
«Ուրախ եմ, որ «ԷՖԵՍ»-ի նորացված գործունեության մեկնարկն առանձնանում է հատուկ նշանակություն ունեցող այսպիսի պայմանագրերով, ինչն, իմ ընկալմամբ, Հայաստանին մոտեցնում է եվրոպական կյանքի չափանիշներին»,- ասաց նա։
Կալլեգարին նշեց, որ պատահական չէ, որ նոր պրոդուկտները ներառում են ապահովագրության հենց այս տեսակները։
«Սա նշանակում է հասկանալ մարդկանց, ում ընկերությունը ցանկանում է ծառայություններ մատուցել, դա անել լավ և որակյալ, ու, համապատասխանաբար, նպաստել երկրի զարգացմանը, ինչը պետք է լինի ցանկացած ապահովագրական ընկերության նպատակը»,- ասաց նա։
Ինստիտուցիոնալ ներդրողները՝ որպես կայունության և զարգացման գործոն
ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը նշեց, որ կարգավորողի համար շատ կարևոր է ինստիտուցիոնալ ներդրողների առկայությունը։
Նա ողջունեց «ԷՖԵՍ» ընկերության երկու նոր պրոդուկտների ձևավորումը՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ նրա երկու գործընկերները՝ Swiss Re-ն և Allianz-ը, լրջագույն միջազգային կազմակերպություններ են։
«Մենք՝ որպես կարգավորող մարմին, կարծում ենք, որ սա կայունության և զարգացման կարևորագույն գործոններից մեկն է»,- ասաց նա՝ հավելելով, որ կարգավորողի համար կարևոր է, որ Հայաստանի ապահովագրական շուկան չմնա վակուումի մեջ, այլ զարգանա միջազգային ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ։
Կարգավորողի փոխնախագահն ընդգծեց նաև, որ Հայաստանը հսկայական ներուժ է կուտակել առողջության ապահովագրության ոլորտում։
«Մեր ընկերությունները մեծ աշխատանք ունեն անելու՝ բնակչության լայն շերտերի համար նոր պրոդուկտների հասանելիությունը մեծացնելու նպատակով: Ես միանգամայն վստահ եմ, որ դա հնարավոր է»,- ասաց նա։
Վրաստանի փորձը
Խոսելով այն մասին, թե ինչու է հիմք ընդունվել վրացական մոդելը, «ԷՖԵՍ»-ի գլխավոր գործադիր տնօրենը նշեց, որ Swiss Re-ի հետ համագործակցության ընթացքում, երբ համեմատել են Հայաստանում տարածված հիվանդությունների ցանկն ու հաճախականությունը, պարզ է դարձել, որ մեր երկրի բնակիչների վարքագիծը բավականին մոտ է Վրաստանին։
«Մենք շատ առումներով նման ենք։ Բացի այդ, Վրաստանն ունի հաջողված փորձ, որը կարելի է կիրառել նաև Հայաստանում»,- պարզաբանեց Մելիքսեթյանը։
Ինչպես նշեց Վրաստանի ապահովագրողների ասոցիացիայի նախագահ Դևի Խեչինաշվիլին, վրացական շուկայի առաջատար ապահովագրական ընկերությունները նմանատիպ ծառայություններ են մատուցում, որոնք մեծ պահանջարկ ունեն հատկապես երիտասարդների շրջանում։
«Հաշվի առնելով, որ մեր ժողովուրդներն ունեն համախոհների մտածելակերպ, ես վստահ եմ, որ ծրագիրը հաջողված կլինի նաև Հայաստանում»,- ասաց նա։
«ԷՖԵՍ» ՓԲԸ–ի մասին
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը լիցենզավորվել է 2023թ․ հուլիսի 25-ին՝ ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դասերով։ Կանոնադրական կապիտալը կազմում է 2.5 մլրդ ՀՀ դրամ։ Ընկերությունը 2024 թվականի 1-ին եռամսյակում հավաքագրել է ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար, ինչը կազմում է Հայաստանի ընդհանուր ապահովագրական շուկայի 23%-ը կամ կամավոր ապահովագրության շուկայի 44%-ը։ Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է «Կարևորը դու ես» կարգախոսով՝ իր ռազմավարական զարգացման առանցքում դնելով յուրաքանչյուր հաճախորդի համար յուրովի առաջարկվող ծառայությունները։ ($1 – 388.32 դրամ)