Հայաստանում 2–3–ամսից կգործարկվի իտալական կերամիկական սպասքի արտադրություն

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./ԱՌԿԱ/. Իտալական հայտնի ապրանքանիշը Հայաստանում գործարկում է կերամիկական սպասքի արտադրություն, երկուշաբթի ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` ելույթ ունենալով հայ–իտալական բիզնես ֆորումի ժամանակ։
Նրա խոսքով, ընկերությունն արդեն ներկրել է անհրաժեշտ սարքավորումները, Իտալիայում իրականացրել է կադրերի վերապատրաստում, որոնք կզբաղվեն արտադրության գործարկմամբ։
«Առաջիկա 2–3 ամսում ընկերությունը կսկսի արտադրությունն ու արտահանման գործընթացը, նախատեսվում է, որ արտադրանքը կարտահանվի ԱՄՆ և Եվրոպայի երկրներ», – ասաց Խաչատրյանը։
Նա նշեց, որ այս նախագիծը վկայում է այն մասին, որ Հայաստանում կարելի է իրականացնել հաջող ծրագրեր, և բոլոր հարցերով գործարարները կստանան պետության անմիջական աջակցությունը։
ՀՀ–ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն իր հերթին նշեց, որ դա կերամիկական սպասքի արտադրությամբ զբաղվող հայ–իտալական ձեռնարկություն է, որը ստեղծվել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությամբ։
Դեսպանը նաև ընդգծեց, որ արդեն 2–3 շաբաթից ձեռնարկությունը կթողարկի առաջին արտադրանքը։
Italian Stoneware իտալական ընկերությունը, համագործակցելով հայ ձեռներեցների հետ, Հայաստանում հիմնել է Ceramisia ապրանքանիշի կերամիկական սպասքի արտադրություն։ Ձեռնարկությունում նախատեսվում է ստեղծել 150 աշխատատեղ։ Արտադրանքն արտադրվելու է «Նախագծված է Իտալիայում, արտադրված է Հայաստանում» մակնշմամբ։
Ceramisia–ն Իտալիայի խոշորագույն ձեռնարկություններից է։ Ընկերությունն իրականացնում է արտադրության բոլոր փուլերը`պահպանելով իտալական լավագույն ոճը, որը հայտնի է ամբողջ աշխարհում։–0–