Հայաստանը պետք է դիտարկի ռուսական կաթնամթերքի մատակարարումն արգելելու հնարավորությունը․ ՔՊ–ական պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը պետք է դիտարկի Ռուսաստանից կաթնամթերքի մատակարարումն արգելելու հնարավորությունը՝ ի պատասխան ռուսական կողմի նմանատիպ գործողությունների, երեքշաբթի ասաց «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ դիմելով էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանին։
«Ռուսաստանը չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, բայց իրենց կաթնամթերքը գալիս է մեզ մոտ։ Ամեն անգամ մտնելով խանութներ՝ տեսնում ենք, որ հայկական արտադրանքը գնալով նվազում է, իսկ այն շուկան, որը մեզ արգելել է այնտեղ ներմուծել մեր ապրանքը, իրենց արատադրանքը մեր վաճառասեղաններին դրված է» , – ասաց Գաբրիելյանն ԱԺ նիստի ժամանակ։
Նրա խոսքով, հայրենական արտադրողները 5-6 ամիս առաջ այդ հարցով նամակ են ուղարկել և այցելել Էկոնոմիկայի նախարարություն։
2023 թվականի ապրիլի 5-ից Ռոսսելխոզնադզորի նախաձեռնությամբ դադարեցվել են Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան՝ «պետական վատ վերահսկողության և հայկական կողմից սահմանափակող միջոցների խախտման պատճառով»։
Գերատեսչությունում կարծում են, որ հայկական կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են իրանական ձեռնարկությունների արտադրած հումքը, որոնց նկատմամբ գործում են սահմանափակող միջոցներ։ Այս տարվա հունիսի 14-ին Ռոսսելխոզնադզորը վերացրել է հայկական մի քանի ընկերություններից Ռուսաստանի Դաշնություն («Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ» և «Իգիթ») կաթնամթերքի ներմուծման արգելքը։ --0--