Հայեցակարգային մակարդակում է դեռ հարցը քննարկվում. փոխվարչապետ Գրիգորյանը՝ կարգոավիափոխադրումների մասին
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հարցը ռազմավարական նշանակություն ունի՝ մասնավորապես հաշվի առնելով, որ, որքան ես գիտեմ, կարգոտերմինալը ծանրաբեռնված չէ, մենք կարգոտերմինալի ավելի մեծ ռեսուրս ունենք, քան այս պահին օգտագործվում է:
Այդ մասին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե ինչ հեռանկարներ կան մասնավորապես կարգոավիացիա իրականացնելու հետ կապված, հաղորդում է «Առաջին լրատվականը»:
«Միևնույն ժամանակ դա բավականին բարդ բիզնես է, որովհետև կարգոփոխադրումների պարագայում ինքնաթիռը ժամ ավելի գետնին պետք է չմնա, հակառակ դեպքում՝ շատ թանկ է ստացվում փոխադրման ինքնարժեքը»,- նշել է փոխվարչապետը:
«Մեզ դա պետք է ամեն դեպքում, բայց հայեցակարգային մակարդակում է դեռ հարցը քննարկվում: Ասել, որ կոնկրետ մոդելավորված ձև ունենք, թե ոնց դա կարելի է կազմակերպել՝ ոչ, բայց ցանկացած հնարավոր խթան՝ պետության կողմից, որը կնպաստի, որպեսզի մասնավոր հատվածը կարգոավիափոխադրումներ իրականացնի, ես վստահ եմ, որ մենք կխթանենք», – ասել է Մհեր Գրիգորյանը: