Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայկական ՓՄՁ–ները նվազեցրել են նորարարական կապիտալ ներդրումները. ուսումնասիրություն

10.03.2020, 17:17
ՓՄՁ–ների նորարարական կապիտալ ներդրումները հիմնականում ուղղված են պաշարների ավելացմանը
Հայկական ՓՄՁ–ները նվազեցրել են նորարարական կապիտալ ներդրումները. ուսումնասիրություն

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./ԱՌԿԱ/. Հայկական փոքր և միջին ձեռնարկությունները նվազեցրել են նորարարական կապիտալ ներդրումները, երեքշաբթի ասաց «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը` ներկայացնելով ՓՄՁ շուկայի ուսումնասիրության արդյունքները, որն իրականացրել է ընկերությունը։

«Ամերիա» ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները: Աշխատանքը կատարվել է 2019թ. տեղեկատվության հիման վրա և բացառիկ է` ընդգրկուն նկարագրով, ոլորտի վերաբերյալ կանխատեսումներով, ինչպես նաև փորձագիտական գնահատումներով: Հետազոտության համար դիտարկվել են հանրապետության առավել խոշոր 5 քաղաքներում` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում և Էջմիածնում գործունեություն իրականացնող թվով 729 ՓՄՁ-ներ, որոնց 93.8%-ը գերփոքր է, 5.1%-ը` փոքր, իսկ մոտ 1%-ը` միջին (դասակարգումը կատարված է համաձայն Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի): Մինչ այդ նմանատիպ ուսումնասիրություն անցկացվել է 2013թ.–ին։

«ՓՄՁ–ների նորարարական կապիտալ ներդրումները հիմնականում ուղղված են պաշարների ավելացմանը։ ՓՄՁ–ն այսօր պատրաստ չէ նոր ներդրումների, ինչը մտահոգություն է առաջացնում ապագայում`նշելով, որ անհրաժեշտ է փոխել պետական քաղաքականությունը», – ասաց Ջրբաշյանը։

Նրա խոսքով, այդ ներդրումները պետք է հանգեցնեն արտադրողականության աճի և ապագայի նկատմամբ ավելի լավատեսական վերաբերմունքի։

Նա նշեց, որ ՓՄՁ–ների ներդրումների համատեքստում անհրաժեշտ է կոնկրետություն պետական տնտեսական քաղաքականության տեսակետից, որպեսզի հնարավոր լինի հասկանալ շատ թիրախային պետական քաղաքականության հեռանկարները, ռազմավարական ծրագրերն ու իրականացումը։

Ինչպես կարծում է փորձագետը, ավելի վաղ կիրառվող մոտեցումներն արդեն չեն գործի, քանի որ ՓՄՁ–ները պահանջում են շատ հասցեական թիրախային մոտեցում։

«Ձեռներեցությունը ռիսկ է, և ՓՄՁ–ները հիմա պատրաստ չեն գնալ նման ռիսկի, քանի որ միջոցներ են ներդնում ապրանքային ռեսուրսների մեջ, այլ ոչ թե ներդրումների ընդլայնման կամ ներդրման կամ տեխնոլոգիաների զարգացման մեջ», – ասաց Ջրբաշյանը։

Նա նաև նշեց, որ ուսումնասիրության համաձայն, Հայաստանում գործող ՓՄՁ–ների թիվը, 2013թ.–ի համեմատ, աճել է 4 հազար սուբյեկտով և այսօր գործում է ոլորտի 144,4 հազար ընկերություն, որից 94%–ը միկրոբիզնես է, մոտ 5%–ը` փոքր և առնվազն 1%–ը` միջին բիզնես։

Ուսումնասիրության համաձայն, ՓՄՁ–ների հիմնական ներդրումներն իրականացվում են ռեզերվների, այլ ոչ թե տեխնոլոգիական և նորարարական զարգացման մեջ։

«Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական առաջատար կազմակերպություն է, իրականացնում է լայնածավալ աշխատանքներ կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների և ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի և պորտֆելային ներդրումների, կորպորատիվ կառավարչական խորհրդատվության, պետական կառավարման ու բարեփոխումների և այլ ոլորտներում:

 «Ամերիա» ՓԲԸ մաս կազմող կառավարման խորհրդատվական ծառայությունը մասնագիտացված է ռազմավարության, գործառնական, մարքեթինգի, կորպորատիվ ֆինանսների, մարդկային ռեսուրսների կառավարման, հետազոտությունների և հանրային հատվածի խորհրդատվության ոլորտներում: Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriaadvisory.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:-0-