IDBank-ն ընդառաջում է իր վարկառուներին. մեկամսյա ժամկետում հաճախորդները կարող են վարկային մարումները կատարել ցանկացած ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./ԱՌԿԱ/. Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ երկրում ստեղծված իրավիճակն ու հոգ տանելով հաճախորդների մասին, IDBank-ը որոշում է կայացրել ս.թ. մարտի 17-ից ապրիլի 17-ը ֆիզիկական անձ իր հաճախորդներին հնարավորություն տալ վարկային մարումներն իրականացնել ազատ գրաֆիկով՝ իրենց հարմար ժամանակ։
Նշված ժամանակահատվածում վարկային պարտավորությունների չկատարման դեպքում վարկառուի նկատմամբ , տույժ և տուգանք չի կիրառվի, վարկը չի դասակարգվի, իսկ վարկառուի վարկային պատմությունը չի տուժի, հաղորդում է IDBank–ի մամուլի ծառայությունը։
Այն իրավաբանական անձանց նկատմամբ, ում գործունեությունը կապված է հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտների հետ և ովքեր կորոնավիրուսով պայմանավորված կունենան վարկային մարումները ժամանակին կատարելու խնդիրներ, Բանկը կցուցաբերի անհատական մոտեցում։
«Վարկերի մարումներն իրականացնելու խնդիրների դեպքում իրավաբանական անձ հանդիսացող մեր հաճախորդներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ info@idbank.am էլ. փոստի հասցեով, նամակի subject տողում նշելով «Վարկային մարումների հետաձգում», իսկ նամակում մանրամասն նկարագրելով կորոնավիրուսով պայմանավորված Ձեր անվճարունակության հետ կապված իրավիճակը։ Մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ»,– նշվում է բանկի հաղորդագրության մեջ։
Միաժամանակ այն հաճախորդներին, որոնք ունեն ֆինանսական մուտքեր և հնարավորություն, հորդորում ենք վարկային պարտավորությունները կատարել ժամանակին, հետագա վարկային բեռը չծանրացնելու նպատակով՝ օգտվելով հեռահար սպասարկումից՝ IDBanking.am հարթակի, Idram հավելվածի, ինչպես նաև IDBanking 24/7 տերմինալների միջոցով, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
Վարակի կանխարգելման նպատակով վճարումները խանութներում և սպասարկման կետերում իրականացնել անկանխիկ եղանակով, քանի որ թղթադրամները կարող են վիրուսի փոխանցման աղբյուր հանդիսանալ։ Այդ մասին նախազգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Կարող եք օգտվել նաև մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից, մասնավորապես՝ TelCell, EasyPay, Mobidram վճարային տերմինալներից:
Այնուամենայնիվ Բանկի մասնաճյուղերը գործում են բնականոն գրաֆիկով, խստորեն պահպանվում են Առողջապահության նախարարության բոլոր ցուցումները։
Առողջ եղեք։–0–