Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

ԿԲ-ն նոր բանկ է գրանցել

09.11.2022, 19:54
«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն գրանցվել է որպես բանկ
ԿԲ-ն նոր բանկ է գրանցել
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 9-ի նիստում խորհուրդը որոշում է կայացրել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը գրանցել որպես բանկ՝ «Ֆասթ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերություն անվանմամբ և տրամադրել բանկային գործունեության լիցենզիա:

Այս մասին հաղորդում է armbanks.am ֆինանսաբանկային պորտալը՝ հղում անելով ԿԲ-ի տարածած հաղորդագրությանը:

Խորհրդի որոշմամբ նաև ուժը կորցրածէ ճանաչվել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության վարկային կազմակերպության թիվ 37 լիցենզիան («Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ին են անցնում «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի բոլոր իրավունքներն ու պարտականությունները՝ հանդիսանալով լիիրավ իրավահաջորդը):

«Խորհրդի որոշման կայացման համար հիմք է հանդիսացել դեռևս 04.08.2021թ. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից տրված նախնական հավանությունը՝ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ՝ վարկային կազմակերպության գործունեության տեսակի փոփոխման վերաբերյալ: Ընկերությունը նախնական հավանությունը ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում իրականացրել է տնտեսական ծրագրով և օրենսդրությամբ սահմանված միջոցառումները և դիմել է ՀՀ կենտրոնական բանկ` որպես բանկ գրանցվելու և բանկային գործունեության լիցենզիա ստանալու համար», - նշվում է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտավոր է ողջամիտ ժամկետում վարկային կազմակերպության գործունեության փոփոխության վերաբերյալ տեղեկացնել իր հաճախորդներին:

Նշենք, որ այժմ ՀՀ-ում գործում է 17 առևտրային բանկ:-0-