Рейтинг@Mail.ru
USD
395.05
EUR
410.46
RUB
3.85
GEL
141.22

Կանխվել է 8 մլն դրամի անօրինական ճանապարհով ադամանդանման զարդերի ներմուծման փորձը․ (ՎԻԴԵՈ)

03.10.2024, 14:29
Հայտնաբերվել է ադամանդանման քարերով 4 տոպրակ, 21 կտոր ոսկենման զարդեր․ ՎԻԴԵՈ
Կանխվել է 8 մլն դրամի անօրինական ճանապարհով ադամանդանման զարդերի ներմուծման փորձը․ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում  հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք, հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների  մաքսային սպասարկման և հսկողության բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության է ենթարկվել Դուբայ-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի և վերջինիս ուղեբեռը:

Մաքսային զննման և տեսազննման արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել են ոսկենման մետաղից պատրաստված զարդեր և թանկարժեք քարեր: Մաքսային ծառայողները, մասնավորաբար, հայտնաբերել են տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարերով լցված պոլիէթիլենային 4 տոպրակ՝ 72 գրամ  քաշով։ Հայտնաբերվել են նաև ադամանդների համար նախատեսված հավաստագրեր և սերտիֆիկատի էլեկտրոնային կրիչ, 6 հատ հաշիվ-ապրանքագիր,  ադամանդե քարերի 16 գնապիտակ, ռոդիումի  խտանյութի սրվակ, ոսկերչության մեջ կիրառվող գործիքներ: 

Պարզվել է , որ քաղաքացին փորձել է ներմուծել  նաև զմրուխտանման, ամետիստանման, ցիտրինանման մարգարտանման և սաֆիրանման քարեր:  Անձի մաքսային զննման արդյունքում նրա տաբատի գրպանից էլ հայտնաբերվել է 21 կտոր  դեղին, ոսկենման մետաղից պատրաստված զարդեր` թևնոցներ, վզնոց և մատանի:

«Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության համապատասխան (14.01.2021թ. թիվ 35-Ն) որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանաված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը:

Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։