Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին, ի՞նչ են քննարկել ու պայմանավորվել

31.07.2020, 19:13
Ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգող հարցերը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առաջացած խնդիրները և հանդես եկել դրանց լուծման առաջարկություններով
Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին, ի՞նչ են քննարկել ու պայմանավորվել

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին: 

Ինչպես հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները:  

«Ձեր նախաձեռնությունը մեր տնտեսության բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ առաջիկայում հանդիպելու առիթ հանդիսացավ, որպեսզի ավելի տեղային կարողանանք քննարկել և փորձել հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ոչ միայն տնտեսական ճգնաժամը հաղթահարենք, այլև ավելի բարձրացնենք ոլորտների, և ընդհանուր առմամբ, մեր տնտեսության մրցունակությունն ու արդյունավետությունը: Կարծում եմ՝ նույնիսկ ճգնաժամի պայմաններում այս օրակարգը պետք չէ մոռանալ: Որքան պրոակտիվ լինենք ճգնաժամային իրավիճակում, որքան ավելի երկարաժամկետ հորիզոնի նկատմամբ որոշակի քաղաքականություն դրսևորենք՝ այնքան ավելի լավ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մտահոգող հարցերը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված առաջացած խնդիրները և հանդես եկել դրանց լուծման առաջարկություններով: 

Մասնավորապես, մասնավոր հատվածի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային տնտեսական միջոցառումներից և կարևորել ռեստորանային ոլորտում աշխատատեղերի պահպանման ուղղությամբ հնարավոր օժանդակությունը: Նրանց խոսքով՝ այն կօգնի, որպեսզի ոլորտը ճգնաժամից դուրս գա նվազագույն կորուստներով: 

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ վարչապետի գլխավորությամբ կառավարությունում արդեն իսկ քննարկվել է այդ հարցը և այժմ պատրաստման փուլում է բիզնեսին աշխատատեղերի պահպանման նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու նախագիծը: Նախարարը մանրամասներ է ներկայացրել նախագծով նախատեսվող օժանդակության մեխանիզմների վերաբերյալ: 

Վարչապետը հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները նախագծի շուրջ՝ վերջիններիս առաջարկներով այն լրամշակել և ներկայացնել կառավարության հաստատմանը: 

Գործադիրի ղեկավարն ընդգծել է ծառայությունների մատուցման ոլորտի շարունակական զարգացման անհրաժեշտությունը և հորդորել բիզնեսի ներկայացուցիչներին հանդես գալ նաև մարզերում ժամանակակից ռեստորանների և սրճարանների հիմնման նախաձեռնություններով, ինչը կարևոր նշանակություն ունի նաև համայնքներում մթնոլորտի բարելավման հարցում: 

Ռեստորանային ոլորտի ճգնաժամը 

Ավելի վաղ հանրային սննդի ոլորտի փորձագետ Աշոտ Բարսեղյանը հրապարակել է միջոցառումների կազմակերպման ոլորտի ներկայացուցիչների հայտարարությունը, ովքեր կոչ են արել հանել զանգվածային միջոցառումների կազմակերպման սահմանափակումները։ Ռեստորանային համալիրների սեփականատերերը վստահեցնում են, որ ամբողջությամբ պատրաստ են պահպանել հակահամաճարակային պահանջները, այդ թվում` լրացուցիչ, որոնք կսահմանվեն պարետատան կողմից։

Նշենք, որ այդ ոլորտը ապահովում է մոտ քսան հազար աշխատատեղ, տարեկան ապահովելով մոտ երեք հարյուր միլիոն դոլարի շրջանառություն։–0–