Рейтинг@Mail.ru
USD
396.76
EUR
411.8
RUB
4.0996
GEL
141.91
2025 թ. փետրվարի 8, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Ռեստորանների Հայկական Միությունը կտրուկ արձագանքել է ռեստորաններ չայցելելու Թորոսյանի կոչին

28.06.2020, 16:03
Ռեստորանների Հայկական Միությունը հանդես է եկել հայտարարությամբ Թորոսյանի կոչի կապակցությամբ, ով մասնավորապես նշել է, որ անհրաժեշտ է «գիտակցված լոքդաուն»` կոչ անելով դադարեցնել ռեստորան-սրճարանային այցելությունները
Ռեստորանների Հայկական Միությունը կտրուկ արձագանքել է ռեստորաններ չայցելելու Թորոսյանի կոչին

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. Ռեստորանների Հայկական Միությունը հանդես է եկել հայտարարությամբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչի կապակցությամբ, ով մասնավորապես նշել է, որ անհրաժեշտ է «գիտակցված լոքդաուն»` կոչ անելով դադարեցնել ռեստորան-սրճարանային այցելությունները։ 

Միությունից կարծում են, որ կառավարության անդամի մակարդակով նման կատեգորիկ հայտարարությունը լրջորեն մտահոգում է ոլորտի ներկայացուցիչներին։ 

«Հանրային սննդի ձեռնարկությունները գործում են պարետատան կողմից մշակված հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանման պայմաններում, իսկ չպահպանողների նկատմամբ կա կանխարգելիչ միջոցառումների լայն գործիքակազմ, որը մինչ այսօր խստորեն կիրառվել է», – նշվում է հայտարարության մեջ։ 

Միությունից ընդգծում են, որ վաճառքների բազմապատիկ անկման պայմաններում մի կերպ գոյատևող հանրային սննդի ընկերությունների համար նման կատեգորիկ կոչը մահվան դատավճռի է նման՝ ոլորտում ներգրավված տասնյակ հազարավոր մարդկանց համար աշխատանքի կորստի անխուսափելի հետևանքներով։

«Կոչ ենք անում ՀՀ կառավարության համապատասխան մարմիններին շտապ օպերատիվ քննարկում սկսել մեր ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելու շուրջ», – նշվում է միության հայտարարության մեջ։

Այսօր Թորոսյանը կոչ է արել հայաստանցիներին առավելագույնս սահմանափակել շփումներն ու այցելությունները, որոնք չունեն կենսական նշանակություն, այդ թվում` չայցելել ռեստորաններ ու սրճարաններ, տոնական և սգո միջոցառումներ, դուրս չգալ քաղաքից դուրս, չկազմակերպել պիկնիկներ և այլն։ Նրա խոսքով, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա։

COVID-19–ի հետ կապված իրավիճակը Հայաստանում

Հայաստանում 2020թ.–ի մարտի 16–ից հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Արտակարգ դրության ռեժիմը երեք անգամ երկարաձգվել է։ Կառավարության հունիսի 12–ի որոշմամբ, այն երկարաձգվել է մինչև հուլիսի 13–ը ժամը 17։00–ն։

Մարտի 24–ից ներդրվեցին քաղաքացիների ազատ տեղաշարժման և մի շարք տնտեսական գործունեությունների սահմանափակումներ, որոնք հանվեցին մայիսի 4–ին, մայիսի 18–ից վերսկսվեց հանրային տրանսպորտի, հանրային սննդի օբյեկտների աշխատանքը։

Հայաստանում հունիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 24645 դեպք, որոնցից 13116-ն` առողջացած, 426-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10964 պացիենտ։–0–