«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը HSBC Հայաստանի կողմից ստացել է նվիրատվություն «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երիտասարդների տնտեսական հզորացում» ծրագրի իրականացման համար

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ն և «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը (HSBC Հայաստան) ստորագրել են համաձայնագիր, որի շրջանակում բանկը 8,204,000 դրամի նվիրատվություն է տրամադրում «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երիտասարդների տնտեսական հզորացում» ծրագիրն իրականացնելու նպատակով, հաղորդում է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը։
Ծրագիրն իրականացվում է «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի, HSBC Հայաստանի և «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է խթանել հակամարտության հետևանքով տուժած երիտասարդների տնտեսական հնարավորությունները և զբաղվածությունը որակյալ կրթության, վերապատրաստումների, մասնագիտական կարողությունների և ձեռնարկատիրական հմտությունների բարելավման, ինչպես նաև ստարտափներ հիմնելու համար դրամաշնորհների տրամադրման և աշխատանքի տեղավորման միջոցով:
Ծրագրի շահառուները Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած 17-35 տարեկան հայաստանաբնակ և Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված երիտասարդներ են:
Ծրագիրն ունի հիմնական երեք բաղադրիչ՝ «Կյանքի հմտությունների զարգացում և աշխատունակության բարձրացում», «Մասնագիտական կարողությունների բարելավում» և «Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում»։
«Կյանքի հմտությունների զարգացում և աշխատունակության բարձրացում»․ «Կյանքի հմտություններ» և «Աշխատունակություն» թեմաներով դասընթացների նպատակն է զարգացնել շահառուների անհատական կարողությունները և աշխատանքային հմտությունները։
«Մասնագիտական կարողությունների բարելավում»․ Երիտասարդ շահառուները կմասնակցեն մասնագիտական դասընթացների՝ բարելավելու համար իրենց զբաղվածության հնարավորությունները:
Երիտասարդները, ովքեր մասնակցել են մասնագիտական ուսուցման կամ արդեն ունեն տեղական աշխատաշուկայում պահանջված մասնագիտություն, սակայն կարիք ունեն գործիքակազմի եկամտաբեր գործունեություն սկսելու համար, ծրագրի միջոցով կստանան անհրաժեշտ աջակցությունը։
«Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում»․ Ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացների համար կընտրվեն մոտիվացված և բիզնես մտածելակերպ ունեցող թեկնածուներ։
Ծրագիրը կաջակցի մի շարք երիտասարդների իրենց բիզնես գաղափարների մշակման գործում։ Երիտասարդները ձեռք կբերեն բիզնես վարելու հմտություններ, նրանց կսովորեցնեն և կխրախուսեն ստեղծել նորարարական բիզնես մոդելներ և նախագծեր մենթորների աջակցությամբ: Ընտրական հանձնաժողովի կողմից ընտրված առնվազն 10 կենսունակ փոքր բիզնեսներ կստանան նախնական կապիտալ՝ մեկնարկային ծախսերը հոգալու համար (բիզնեսի գրանցում, անհրաժեշտ սարքավորումների և հումքի ձեռքբերում և այլն)։
Վերը նշված դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։
HSBC Խմբի մասին
HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 64 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2021թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,969 միլիարդ ԱՄՆ դոլար:
HSBC Հայաստանի մասին
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 7 գրասենյակների և մոտ 310 աշխատակիցների միջոցով:
2021 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 311 միլիարդ ՀՀ դրամ` ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկերը: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
«ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ–ի մասին
Հայաստանի Հանրապետությունում «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թ․-ի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: Ելնելով դրանից հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է երկու ուղղություններով՝ այլընտրանքային խնամքի ծառայություններ, ինչպես նաև ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային
ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգայինն անկախ, ոչ կառավարական, շահույթ չհետապնդող միջազգային կազմակերպություն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ինսբրուկում, Ավստրիա: Կազմակերպությունը մարդասիրական և զարգացման օգնություն է տրամադրում կարիքավոր երեխաներին և պաշտպանում է նրանց շահերն ու իրավունքները ամբողջ աշխարհում: Առաջին SOS մանկական գյուղը հիմնադրվել է 1949 թ.-ին Ավստրիայի Տիրոլ քաղաքում ավստրիացի բարերար Հերման Գմայների կողմից: Այսօր ՍՕՍ Մանկական Գյուղերը գործում են աշխարհի 137 երկրներում և տարածքներում:–0–