Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Յունիբանկը երկարաձգում է վարկերի մարման ժամկետը

09.04.2020, 15:49
Յունիբանկը երկարաձգում է վարկերի մարման ժամկետը
Յունիբանկը երկարաձգում է վարկերի մարման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի./ԱՌԿԱ/. Յունիբանկը երկարաձգում է վարկերի մարման ժամկետը։ 

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և նպատակ ունենալով մեղմելու մեր հաճախորդների համար կորոնավիրուսի պատճառով ստեղծված հետևանքները, Յունիբանկը կերկարաձգի վարկերի մարման ազատ գրաֆիկի ժամկետը մինչև 2020թ.-ի մայիսի 31-ը, որից հետո վարկերի մարման ժամանակացույցերում կկատարվեն հետևյալ փոփոխությունները` ֆիզիկական անձանց տրամադրված անգրավ սպառողական վարկերի մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 6 ամսով և 2020թ. մարտի 16-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների և տոկոսների մարումները համամասնորեն կբաշխվեն վարկի մնացորդային ժամկետի վրա, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը: 

Այս վարկերի համար հերթական մարման օրն է համարվելու հունիսի նույն ամսաթիվը, որը սահմանված էր գործող գրաֆիկով: Օրինակ` մարտի 20-ին մարում ունեցող հաճախորդի առաջին մարումը կլինի հունիսի 20-ին: 

Այս առաջարկը համարվում է հանրային օֆերտա, և այն հաճախորդները, որոնք 2020թ.-ի մայիսի 31-ից հետո այս կարգով կկատարեն առաջին վճարումը, կհամարվեն նշված պայմաններին համաձայնություն տված: 

«Բոլոր այն հաճախորդներին, որոնք չեն ցանկանա օգտվել ընձեռված հնարավորությունից, խնդրում ենք հրաժարման մասին տեղեկացնել բանկին՝ գրավոր դիմումի տեսքով», – նշվում է բանկի հաղորդագրության մեջ: 

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև ֆիզիկական անձանց տրամադրված՝ գրավով ապահովված վարկերի մարման վերջնաժամկետը կերկարաձգվի 6 ամսով և 2020թ.-ի մարտի 16-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված մարման ենթակա մայր գումարների և տոկոսների մարումները համամասնորեն կբաշխվեն վարկի մնացորդային ժամկետի վրա:

«Բանկի կողմից ընձեռված հնարավորությունից օգտվել ցանկացող հաճախորդներին խնդրում ենք ներկայացնել գրավոր դիմում սկսած 2020թ. մայիսի 1-ից` համապատասխան համաձայնագիր կնքելու նպատակով», – նշում են բանկից: 

Դիմումները բանկ կարելի է նաև ներկայացնել unibank@unibank.am հասցեով: 

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–