ՎՏԲ–Հայաստան Բանկն ու «Մուլտիկարտան» հայտարարել են համագործակցության մեկնարկի և բարձր տեխնոլոգիական բանկային ծառայությունների տրամադրման մասին
ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկն ու «Մուլտիկարտա» ՍՊԸ–ն նախօրեին ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որը նոր հնարավորություններ կբացի բարձր տեխնոլոգիական բանկային ծառայությունների տրամադրման ոլորտում։
Ինչպես նշեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը, համագործակցությունը «Մուլտիկարտա» ընկերության հետ թելադրված է այն փաստով, որ կազմակերպությունը խոշորագույն պրոցեսինգային ընկերություն է, որը սպասարկում է 45 ռուսական բանկեր։
«Մեզ համար սկզբունքորեն կարևոր է, որ բանկի մինչև 2022թ.–ի ռազմավարության շրջանակում նախատեսված է քարտային բիզնեսի ծավալուն և ընդարձակ աճ։ Այս հարցում «Մուլտիկարտան» ամբողջությամբ համապատասխանում է մեր պահանջներին քարտային բիզնեսի ոլորտում տեխնոլոգիաների զարգացման տեսակետից», – ասաց նա։
Տելեգինի խոսքով, ստորագրված համաձայնագիրը թույլ կտա ռուսական բանկերի հետ «Մուլտիկարտա» ընկերության համագործակցությունը տեղափոխել Հայաստան, ինչը կդառնա նոր խթան ոչ միայն ՎՏԲ–Հայաստան Բանկի, այլև երկրի ողջ բանկային համակարգի համար։
«Առաջին հերթին մենք ակնկալում ենք նոր`բարձր տեխնոլոգիական ծառայությունների ներդնում։ Համագործակցությունը թույլ կտա (մեզ) զգալիորեն լավացնել տրամադրվող ծառայություններն ու ստանալ նոր`բարձր տեխնոլոգիական ծառայություններ», – նշեց նա։
«Մուլտիկարտ» ՍՊԸ–ի գլխավոր տնօրեն Կիրիլ Սվիրիդենկոն իր հերթին նշեց, որ Հայաստանի բանկային հատվածի հետ համագործակցության դիվերսիֆիկացումը պայմանավորված է երկրի հզոր, բարձր տեխնոլոգիական ներուժով։
«Հուսով եմ, որ մեր համագործակցությունը կօգնի նոր հնարավորություններ ներդնել վճարային տեխնոլոգիաներում, օրինակ` նույն բանկոմատներում ներդնել գեղեցիկ և ինտերակտիվ մենյու, փոխգործակցել հաճախորդի հետ, ապահովել հարմարավետություն տարբեր տեսակի վճարումների համար, ինտերնետ–բանկինգի տեխնոլոգիաներ, անկոնտակտ վճարումներ», – ասաց նա։
Նրա խոսքով, ընկերությունը մտադիր է հայ գործընկերներին տրամադրել ունեցած բոլոր տեխնոլոգիական նորույթներն` ընդլայնելով հնարավորությունների շրջանակը։
Սվիրիդենկոն ընդգծեց, որ «Մուլտիկարտա» ընկերությունն առաջինը Ռուսաստանում օգտագործում է ամենաբարձր չափորոշիչներին համապատասխանող տեխնոլոգիական հնարավորությունները, մասնավորապես` արհեստական բանականությունը։
«Մեր ծառայություններում օգտագործվում են այնպիսի առաջատար տեխնոլոգիաներ, ինչպիսիք են թվայնացումը, արհեստական բանականությունը, ինչպես նաև այլ նորույթներ։ Մենք կիրառում ենք առաջատար տեխնոլոգիաներից մեկը` բանկոմատների ցանցերի կառավարում։ Արհեստական բանականությունը կանխատեսում է բանկոմատի ծախսային միջոցներն ու դրանց ինկասացիայի անհրաժեշտությունը, որոնք թույլ են տալիս սարքավորումներին մի քանի ամիս գործել առանց սպասարկման` կանխիկացվող և ներմուծվող միջոցների բալանսավորման հաշվին», – ասաց նա։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–