Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Երևանում անցկացվում է Orion Summit–ը. քննարկվում են տեխնոլոգիական օրակարգի առանցքային հարցերը

22.06.2022, 14:58
Երևանում այսօր մեկնարկել է Orion Summit 2022–ը, որի շրջանակում տեխնոլոգիական ընկերությունների, ֆինանսական հատվածի և կառավարության ներկայացուցիչները քննարկում են համաշխարհային տեխնոլոգիական օրակարգի ակտուալ թեմաները
Երևանում անցկացվում է Orion Summit–ը. քննարկվում են տեխնոլոգիական օրակարգի առանցքային հարցերը

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./ԱՌԿԱ/. Երևանում այսօր մեկնարկել է Orion Summit 2022–ը, որի շրջանակում տեխնոլոգիական ընկերությունների, ֆինանսական հատվածի և կառավարության ներկայացուցիչները քննարկում են համաշխարհային տեխնոլոգիական օրակարգի ակտուալ թեմաները։ Տեխնոլոգիական գագաթնաժողովի պլատինե հովանավորն է Ամերիաբանկը։

Orion Worldwide Innovations Armenia–ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը լրագրողներին ասաց, որ գագաթնաժողովի նպատակն է ամփոփել Orion Worldwide–ի երկու տարվա գործունեությունը, ինչպես նաև պանելային քննարկումների ժամանակ բացահայտել էկոհամակարգի հիմնական խնդիրներն ու գտնել դրանց լուծումները։

Նա նշեց, որ միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև 5 ամենաարագ աճող հայկական ստարտափերը, որոնք միաեղջյուր դառնալու ներուժ ունեն (միաեղջյուր ընկերություններ` ավելի քան 1մլրդ դոլար արժողությամբ)։

«Այս տարի արդեն գրավվում են ներդրումներ։ Հուսով ենք, որ մինչև տարեվերջ մեզ կհաջողվի կրկնապատկել ներդրումների նախորդ տարվա ծավալը` հասցնելով մինչև 50մլն դոլարի», – ասաց նա։

Ամերիաբանկի իրավական հարցերով տնօրեն Դավիթ Սարգսյանն իր հերթին նշեց, որ Ամերիաբանկը միշտ կարևորել է դիջիթալիզացումն ու թվային զարգացումը և իր զարգացման ծրագրում ընդգծում է էկոհամակարգերի ստեղծման նշանակությունը, բիզնես–պատվիրատու և B2B ու B2C համակարգերի հարաբերությունների դյուրացումը։

«Այդ պատճառով մենք կարևորում ենք մասնակցությունն այս գագաթնաժողովին և մասնակցում ենք մի քանի ուղղություններով` որպես գլխավոր, պլատինե հովանավոր», – նշեց նա։

Սարգսյանն ընդգծեց, որ Ամերիաբանկը կարևորում է թվային զարգացումը Հայաստանում և բիզնեսում։

«Մենք աշխատում ենք տարբեր էկոհամակարգերի զարգացման վրա, և այս միջոցառումը, մեր կարծիքով, կարևորագույն քայլերից է, որը կխթանի այդ էկոհամակարգերի զարգացումը Հայաստանում», – ասաց նա։

Միջոցառման առանցքային ուղղություններից է էկոհամակարգային լուծումների ներկայացումն ու հայկական ընկերություններում դրանց ներդրման խթանումը։ Էկոհամակարգային լուծումները հնարավորություն կտան բիզնեսին և ֆիզիկական անձանց, անկախ ոլորտից, հանդես գալ ծառայությունների ամենալայն շրջանակով։

Orion Summit 2022–ի հինգ գլխավոր թեմաներից է ESOP–ը` աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը` որպես ստարտափների աճի, հասարակության բարեկեցության ու ապագա միլիոնատերերի «կերտման» խթան։ Դրանք աշխատակիցներին խրախուսելու, ոգևորելու և պարգևատրելու լավագույն լուծումներից են։

Հաջող տեխնոլոգիական ստարտափներն իրենց զարգացման դեռևս վաղ փուլում աշխատակիցներին բաժնետիրացնում են՝ սնելով և արագացնելով իրենց աճի ու զարգացման տեմպերը։ Հայաստանում տաղանդներին պահելու և խրախուսելու համար ESOP-ը, որպես գործիք, առանցքային դեր կարող է ունենալ։

Գագաթնաժողովին մասնակցում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, տեխնոլոգիական, ֆինանսական և բիզնեսի այլ հատվածների ներկայացուցիչներ, միջազգայնորեն ճանաչված ստարտափերի հիմնադիրներ, ներդրողներ և այլն։–0–