Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ծաղկաձորում վեցօրյա ամանորյա հանգիստը կարժենա մոտ 130 հազարից մինչև 3 մլն դրամ

10.12.2013, 15:40
Ծաղկաձորում վեցօրյա ամանորյա հանգիստը կարժենա մոտ 130 հազարից մինչև 3 մլն դրամ, երեքշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց քաղաքի քաղաքապետի տեղակալ Գարիկ Հայրապետյանը։
Ծաղկաձորում վեցօրյա ամանորյա հանգիստը կարժենա մոտ 130 հազարից մինչև 3 մլն դրամ
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ծաղկաձորում վեցօրյա ամանորյա հանգիստը կարժենա մոտ 130 հազարից մինչև 3 մլն դրամ, երեքշաբթի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց քաղաքի քաղաքապետի տեղակալ Գարիկ Հայրապետյանը։

«Ինչպես արտասահմանցի, այնպես էլ տեղի զբոսաշրջիկներին Ծաղկաձորում գրավում է նախևառաջ այն, որ հասանելի գների դիմաց այստեղ հնարավոր է տարբեր ծառայությունների լայն շրջանակ ստանալ»,–ասաց նա։

Մասնավորապես` Հայրապետյանը նշեց, որ ամանորյա օրերին Ծաղկաձորում կարելի է հոյակապ վեցօրյա հանգիստ անցկացնել` սկսած մոտ 130 հազար դրամից, ներառյալ ամանորյա խնջույքը և երեքանգամյա սնունդ։

«Ինչ վերաբերում է ամանորյա հանգստի համար նախատեսված գումարի առավելագույն չափին, ապա այն հարաբերական է, քանի որ ամեն ինչ կախված կլինի ծառայության տեսակից»,– ասաց նա` ավելացնելով, որ ամանորյա վեցօրյա հանգստի մոտավոր առավելագույն գումարը կարող է հասնել մինչև 3 մլն դրամի։

Միաժամանակ Հայրապետյանը նշեց, որ Ծաղկաձորում այսօրվա դրությամբ գործում է տարբեր մակարդակի շուրջ չորս տասնյակ հյուրանոց, և ցանկացած հյուր կարող է իր ճաշակի հյուրանոց գտնել։

Ըստ նրա, Ծաղկաձորում զբոսաշրջիկների հոսքը ինչպես ամառային, այնպես էլ ձմռան սեզոնին, տարեկան ավելանում է։

«Մենք ակնկալում ենք, որ ընթացիկ ձմռանը այդ ցուցանիշը կավելանա»,– ասաց նա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն իր հերթին ընդգծեց, որ Ծաղկաձորի հյուրանոցների գները Նոր տարվա նախաշեմին փոքր–ինչ աճում են, իսկ տոներից հետո առավել հասանելի են դառնում։

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների` 2013թ.–ի հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել 677906 զբոսաշրջիկ, ինչը 12,4 տոկոսով շատ է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Ընդհանուր առմամբ  2012թ.–ի ամբողջ ընթացքում Հայաստան է այցելել 843330 զբոսաշրջիկ, ինչը 11,3 տոկոսով գերազանցել է 2011թ.–ի ցուցանիշը։ ($1 – 406,80 դրամ է).-0-