Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում նախատեսվում է 40 մլն դոլար ներդնել. GeoProMining-ի նախագահ

17.07.2017, 13:49
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում նախատեսվում է ներդնել մոտ 40 մլն դոլար, հայտարարեց GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին։
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում նախատեսվում է 40 մլն դոլար ներդնել. GeoProMining-ի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. / ԱՌԿԱ /. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում նախատեսվում է ներդնել մոտ40 մլն դոլար։ Այս մասին հայտարարեց GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

Ներդրումները միտված են լինելու կոմբինատի ընդլայնմանը:

 «Ներկայում կոմբինատի հզորությունը 3.5 մլն տոննա հանքաքար է։ Մենք նախատեսում ենք առաջիկա մի քանի տարիների ընթացքում հասնել 4 մլն տոննա ցուցանիշի։ Հիմա նաև մշակվում է կոմբինատի հզորության ավելացման նախագիծ` մինչև 6 մլն տոննա», – ասաց Խուդոլին ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, դրա  համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ:

«Մենք պետք է ավելացնենք հանքի հզորությունը, տեխնիկա ձեռք բերենք։ Անհրաժեշտ է պատրաստել կոմբինատը` լրացուցիչ ավելացնելով  հանքահարստացման, մանրացման փուլը և, առհասարակ, ամբողջ համալիրը մասշտաբայնացնել», - ասել է Խուդոլին։

Նա նշել է, որ կոմբինատի ընդլայնումը նաև կհանգեցնի մոտ 200 լրացուցիչ աշխատատեղի ստեղծման:

Ներկայում կոմբինատում աշխատում է 1015 մարդ:

GPM  ընկերությունների խմբի նախագահի խոսքով Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը շատ զգայուն է գնային փոփոխությունների հանդեպ։

«Հանքաքարում պղնձի պարունակությունը 0.32% է, որը շատ-շատ փոքր թիվ է, և գների ցանկացած նվազում կոմբինատին դնում է այնպիսի իրավիճակում, որ այն աշխատում է վնասով։ Այս խնդիրը կարելի է լուծել միայն արտադրությունը մասշտաբայնացնելու միջոցով», - ասել է Խուդոլին։

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում արտադրվում է պղնձի և մոլիբդենի  խտանյութ։ Կոմբինատի արդիականացման ծրագրով փաստացի կապիտալ ծախսերը կազմել են մոտ  30 մլն դոլար:

GeoProMining ընկերությունների խումբը, որն հիմնադրվել է 2001 թ.–ին, միջազգային մասնավոր ընկերություն է` մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսային բազայով։ GeoProMining–ը արտադրում է ոսկի «Դորե» ձուլվածքի տեսքով, ինչպես նաև պղնձե, մոլիբդենային և ծարիրի խտանյութեր։ GeoProMining–ի ձեռնարկությունները գտնվում են Ռուսաստանում և Հայաստանում։

Հայաստանում ընկերության հիմնական ակտիվներն են GPM Gold ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու հարստացման գործարանը, ինչպես նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: -0-