Ամերիաբանկի վարկային պորտֆելը տարեվերջում կարող է հասնել 1 մլրդ դոլարի

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը ակնկալում է, որ 2016 թվականի վերջում վարկային պորտֆելի ծավալը կհասնի 1 մլրդ դոլարի, ասաց Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:
«Այս պահին վարկային պորտֆելը կազմում է 410 մլրդ դրամ: Մենք կաշխատենք մինչև տարեվերջ այս ցուցանիշը հասցնել 480 մլրդ դրամի, ինչը և կկազմի 1 մլրդ դոլար», - պարզաբանեց նա «ԱՌԿԱ» գործակալությանը:
Նրա խոսքով, դա վկայում է այն մասին, որ Ամերիաբանկի ծառայությունների որակը և հաճախորդների նկատմամբ մոտեցումը մրցունակ են, ինչը թույլ է տալիս բանկին մեծացնել իր վարկային պորտֆելը` հիմնականում որակյալ հաճախորդների շնորհիվ:
Սահակյանը նաև հայտնեց, որ Ամերիաբանկի վարկային պորտֆելի ծավալը տարեսկզբից աճել է 100 մլրդ դրամով:
Ընդ որում, Ամերիաբանկի Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը հայտնեց, որ ընթացիկ տարվա տասը ամիսների ընթացքում բանկի մանրածախ վարկային պորտֆելը աճել է 35 տոկոսով, ընդ որում, ՓՄՁ-ներին տրված վարկերի բաժինն այս ցուցանիշում աճել է 55 տոկոսով:
«Այս պահի դրությամբ Ամերիաբանկի մանրածախ պորտֆելի ծավալը կազմում է շուրջ 120 մլն դոլար», - պարզաբանեց նա:
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
2016 թ.–ի 9 ամսիների արդյունքում Ամերիաբանկի ակտիվները կազմել են 524,1 մլրդ դրամ (տարեսկզբից 1,6 տոկոսի աճ), պարտավորությունները` 462,3 մլրդ դրամ (1,27 տոկոսի աճ), կապիտալը` 61,7 մլրդ դրամ (4,13 տոկոսի աճ)։ Բանկի շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 3,5 մլրդ դրամ։ ($1 - 479,40 դրամ)-0-