Ամերիաբանկն ու «Բեստ Քարդ» ընկերությունը ներկայացրել են նոր cashback նախագիծը և «ԱՅՈ» քարտը

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկն ու «Բեստ Քարդ» ընկերությունը երեքշաբթի ներկայացրել են նոր cashback նախագիծը և «ԱՅՈ» քարտը։
«ԱՅՈ»-ն հետվճարային ծրագիր է, որն այսուհետ Ամերիաբանկի բոլոր քարտապաններին (բացառությամբ նվեր քարտերի և բիզնես քարտերի) հնարավորություն կտա ծրագրի գործընկեր առևտրի և սպասարկման սրահներում կատարած յուրաքանչյուր անկանխիկ գնման դիմաց ստանալ հետվճար (cashback) ծախսած գումարի մինչև 20%-ի չափով: «ԱՅՈ» ծրագրի շրջանակում թողարկվող ԱՅՈ քարտ Visa Classic և ԱՅՈ քարտ Visa Gold միջազգային վճարային քարտերը նախատեսված են թե' Հայաստանում, թե' արտերկրում անկանխիկ վճարումներ, առցանց գնումներ կատարելու համար և ունեն վարկային գիծ ստանալու հնարավորություն` ըստ Ամերիաբանկի կողմից սահմանված վարկավորման պայմանների։
Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանի խոսքով, ծրագիրն իրականացվում է մանրածախ շուկայի զարգացման ռազմավարության շրջանակում, որը նախատեսում է նոր ծառայություններ և արդեն գոյություն ունեցող առաջարկների պայմանների փոփոխություն։
««ԱՅՈ» cashback նախագիծը նախատեսում է, որ անկանխիկ վճարումների դեպքում համապատասխան գումարը կվերադարձվի հաճախորդի քարտի վրա, և դա, փաստորեն, նշանակում է որոշակի զեղչ», – ասաց Բարսեղյանը։
Նրա խոսքով, իրականացված գնումների համար cashback–ը կփոխանցվի հաճախորդի այն հաշիվների վրա, որոնցով նա կարող է օգտվել առանց սահմանափակումների, ամսվա վերջին օրը, գնումներ իրականացրած ամսվա հաջորդ ամսին։
Բարսեղյանը նաև ընդգծեց, որ ԱՅՈ քարտ Visa Classic և ԱՅՈ քարտ Visa Gold միջազգային վճարային քարտերը ոչ միայն cashback հնարավորությամբ վճարային մեխանիզմներ են, այլև թույլ են տալիս օգտվել վարկային գծից Ամերիաբանկի ստանդարտ վարկային տրամաբանության շրջանակում։
«Բեստ Քարդ» ընկերության գլխավոր տնօրեն Մարինա Դալլաքյանն իր հերթին նշեց, որ «ԱՅՈ» նախագիծը տարբերվում է մնացած նմանատիպ ծրագրերից նրանով, որ ներառում է ամենատարբեր ոլորտներում գործող գործընկերային ընկերությունների ամենամեծ ցանկը` սուպերմարկետներ, բենզալցակայաններ, կոշիկի խանութներ, հագուստի խանութներ, ժամանցի կենտրոններ, ապահովագրական ընկերություններ և այլն։
«Մենք ստանում ենք նորանոր առաջարկներ ընկերություններից, որոնք վերաբերում են նախագծում մասնակցելուն։ Այս ամենը թույլ կտա ներգրավել նոր հաճախորդների և առաջարկել շահավետ պայմաններ ներկա հաճախորդներին», – ասաց Դալլաքյանն ու ավելացրեց, որ cashback–ը կարելի է ստանալ անգամ ավտոմեքենա գնելու դեպքում։
Նրա խոսքով, նախագծի նորարարությունն այն է, որ Ռոսգոսստրախի հետ համագործակցության շրջանակում «ԱՅՈ» քարտից բոլոր օգտվողները կապահովագրվեն դժբախտ պատահարներից։
Ինչպես նշեց Դալլաքյանը, Visa Gold քարտապանների համար գործընկերային ընկերություններում նախատեսված կլինեն որոշակի զեղչեր։
««ԱՅՈ» քարտապանների համար կանցկացվեն հատուկ ակցիաներ, սպասվում են նվերներ և անակնկալներ, որոնց մասին մենք կտեղեկացնենք լրացուցիչ», – նշեց Դալլաքյանը։
Նա ընդգծեց, որ «Բեստ Քարդն» ուրախ է համագործակցել Հայաստանի առաջատար բանկերից մեկի` Ամերիաբանկի հետ, որն առանձնանում է սպասարկման բարձր մակարդակով և հաճախորդների նկատմամբ անհատական մոտեցմամբ։ «Մենք մտադիր ենք պահպանել այդ սկզբունքները», – նշեց Դալլաքյանը։
Քարտերը կարող են ձեռք բերել Հայաստանի 18 տարեկանից բարձր քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիները, իսկ վարկային քարտ` 21–63 տարեկան անձինք` Ամերիաբանկի պահանջներին համապատասխանելու դեպքում։
Շուտով App Store և Google Play առցանց խանութներում հասանելի կլինի նաև AYOCARD բջջային հավելվածը, որի միջոցով ծրագրի մասնակից հաճախորդները պարբերաբար կտեղեկացվեն հատուկ առաջարկներին և գործընկերների մշտապես թարմացվող ցանկին:
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:-0-