Ամերիաբանկը և Golden State Bank–ը հայ-ամերիկյան բանկային համագործակցության նոր էջ բացեցին
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի տնօրինության նախագահ–գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը և ամերիկյան Golden State Bank-ի փոխնախագահ Վիգեն Ալեքս Հովսեփյանը չորեքշաբթի Երևանում համագործակցության հուշագիր ստորագրեցին, որի համաձայն, Հայաստանի և ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակիչները կկարողանան օգտվել երկու բանկերի ծառայություններից:
Ինչպես ստորագրման արարողությունից հետո նշեց Golden State Bank-ի փոխնախագահ Վիգեն Ալեքս Հովսեփյանը, այս համաձայնագիրը նոր էջ է բացում հայ-ամերիկյան բանկային համագործակցության մեջ` թույլ տալով համագործակցություն հաստատել հայկական խոշորագույն բանկերից մեկի հետ և երկու բանկերի ներկա և ապագա հաճախորդներին` օգտվել մյուս բանկի ծառայություններից և միմյանց շուկաներից:
«Սա աննախադեպ դեպք է, քանի որ Հայաստանի քաղաքացիները, երկու բանկերի աջակցությամբ, կկարողանան ավելի հեշտ կողմնորոշվել Կալիֆոռնիայի շուկայում, օգտագործել տարատեսակ բանկային և առևտրային ծառայություններ ինչպես անշարժ գույքի գնման, այնպես էլ վաճառքի ժամանակ, և հակառակը`Կալիֆոռնիայի բնակիչները կկարողանան օգտվել ծառայությունների ողջ փաթեթից Հայաստանում», – ասաց Հովսեփյանը։
Ինչպես կարծում է բանկիրը, այս ամենը առիթ կդառնա որպեսզի Կալիֆոռնիա նահանգի բազմամարդ հայկական համայնքի միջոցներն առանց դժվարության փոխանցվեն Հայաստան, այդ թվում` հայկական տնտեսության մեջ իրականացվող ներդրումների տեսքով:
«Սա ռազմավարական համաձայնագիր է, որն անհրաժեշտության դեպքում կընդլայնվի նաև այլ ոլորտներում», - ասաց Հովսեփյանը:
Ամերիաբանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյան նշեց, որ սա առաջին համագործակցությունն է նման ձևաչափում բանկի համար, որն արդեն երկար ժամանակ ուսումնասիրում է ամերիկյան շուկան և հնարավորությունները:
«Հուշագրի շրջանակում ստեղծվում է համագործակցության բացառիկ ձևաչափ, որի շնորհիվ մենք ծառայություններ կմատուցենք Կալիֆոռնիայի հայ հաճախորդներին և բնակիչներին ու հույն ունենք, որ այն թույլ կտա ապահովել ծառայությունների լայնամասշտաբ պահանջարկ, առավել ևս, որ այն մեծ շուկա է, քանի որ միայն Կալիֆոռնիայի հայկական սփյուռքը գնահատվում է 1-1,5 մլն մարդ, և այն համարվում է առավել վճարունակ», - ասաց Ջրբաշյանը:
Նա ընդգծեց, որ հուշագրում արդեն նշված են մի շարք ուղղություններ, որոնք տրամադրվելու են, մասնավորապես` բանկային և միջբանկային գործառնություններ, խորհրդատվական ծառայություններ, վարկունակության գնահատում, տարատեսակ պրոդուկտների առաջարկ, ընդ որում չի բացառվում այս ցուցակի ընդլայնման հնարավորությունը:
Փաստացիորեն, նրա խոսքով, երկու բանկերի հաճախորդները կկարողանան վարկեր վերցնել, ավանդներ ներդնել, անշարժ գույք գնել, բիզնես-ծրագրերում մեծ աջակցություն ստանալ, բանկային քարտեր ձեռք բերել, օգտվել արագ դրամական փոխանցումների համակարգից:
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
2016 թ.–ի 9 ամսվա արդյունքում Ամերիաբանկի ակտիվները կազմել են 524,1 մլրդ դրամ (տարեսկզբից 1,6 տոկոսի աճ), պարտավորությունները` 462,3 մլրդ դրամ (1,27 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 61,7 մլրդ դրամ (4,13 տոկոսի աճ): Բանկի շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 3,5 մլրդ դրամ ($1 – 486,31 դրամ):
Golden State Bank-ը Կալիֆոռնիա նահանգում գործող բանկ է, որը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ` սպասարկելով գործարար, առևտրային և մասնագիտական հատվածները: Բանկը բավարարում է իր կորպորատիվ հաճախորդների ֆինանսական կարիքները` տրամադրելով վարկեր շրջանառու միջոցների, սարքավորման, բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի ձեռքբերման համար, ինչպես նաև հաշվարկադրամարկղային ծառայությունների լայն տեսականի ու ավանդային պրոդուկտներ ընկերությունների և նրանց սեփականատերերի համար: -0-