Ամերիաբանկը` «Լավագույն ներդրումային բանկ 2018» `ըստ «Global Finance» ամսագրի
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը երրորդ տարին անընդմեջ «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից արժանանում է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Գնահատումն իրականացվել է այնպիսի կարևոր չափանիշների հիման վրա, ինչպիսիք են շուկայում ունեցած մասնաբաժինը, գործարքների քանակը և ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, գործարքների կառուցվածքավորումը, նորարարությունը, գնագոյացումը, շուկայում ունեցած համբավը և այլն:
«Լավագույն ներդրումային բանկ» մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի «Global Finance» ամսագրի ապրիլյան համարում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–