Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ամերիաբանկը տեղաբաշխել է 20 մլն ԱՄՆ դոլարի պարտքային արժեթուղթ

13.06.2016, 14:54
Ամերիաբանկն իր ներդրումային կառավարիչ responsAbility Investments AG ընկերության միջոցով հունիսի 10–ին հաջողությամբ տեղաբաշխել է 20 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտքային արժեթուղթ լյուքսեմբուրգյան չորս ներդրումային ֆոնդերի միջև:
Ամերիաբանկը տեղաբաշխել է 20 մլն ԱՄՆ դոլարի պարտքային արժեթուղթ

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն իր ներդրումային կառավարիչ responsAbility Investments AG ընկերության միջոցով հունիսի 10–ին հաջողությամբ տեղաբաշխել է 20 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտքային արժեթուղթ լյուքսեմբուրգյան չորս ներդրումային ֆոնդերի միջև, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։

«Զարգացող երկրների շուկաներում ներդրումներ իրականացնող այդ ֆոնդերը բարձր են գնահատել Ամերիաբանկի վարկային վարկանիշը, միջազգային կապիտալի շուկայում ունեցած հեղինակությունը, բարձր ֆինանսական ցուցանիշները, ճկուն բիզնես-մոդելը, կորպորատիվ կառավարման օրինակելի համակարգը, ինչպես նաև գործարքի ռիսկայնության ցածր մակարդակը, ինչի արդյունքում ձեռք են բերել Բանկի պարտքային արժեթղթերը մեծ ծավալով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Արժեթղթերի տեղաբաշխումից ձեռք բերված միջոցներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանը: Այս ֆինանսավորումը կնպաստի ՓՄՁ-ների գործունեության հետագա ընդլայնմանն ու զարգացմանը, մրցունակության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Մամուլի ծառայությունից հաղորդեցին, որ վերականգնվող էներգետիկային և էներգաարդյունավետության ծրագրերին ուղղված ֆինանսավորումը կխթանի ոլորտի կայուն զարգացումը, կնպաստի երկրում էներգախնայողության ապահովմանը:

«Ամերիաբանկը բարձր է գնահատում responsAbility Investments AG ընկերության հետ այս նոր գործընկերական հարաբերությունների ստեղծումը, որն էական նշանակություն կունենա տվյալ ոլորտների և ամբողջ ազգային տնտեսության զարգացման համար», – նշել են բանկից։

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

2016 թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում Ամերիաբանկի ակտիվները կազմել են 507,7 մլրդ դրամ, պարտավորությունները` 447,1 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 60,6 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը` 39,8 մլրդ դրամ, վարկային ներդրումները` 330,5 մլրդ դրամ։ Բանկի զուտ շահույթը 2016 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 1 195,9 մլն դրամ ($1- 479, 16 դրամ)։

ResponsAbility Investments AG ընկերությունն աշխարհի՝ զարգացման ուղղված ներդրումների ոլորտում ակտիվների կառավարման առաջատար ընկերություններից է, որն առաջարկում է մասնագիտացած ներդրումային լուծումներ մասնավոր և ինստիտուցիոնալ ներդրողների համար: Ընկերության ներդրումային գործիքները ներառում են պարտքային և փայատիրական ֆինանսավորում զարգացող շուկաների չցուցակված ընկերությունների համար: Ներկայում responsAbility ընկերության կառավարման ներքո գտնվում են 3 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներ, որոնք ներդրված են ավելի քան 90 երկրի շուրջ 520 ընկերություններում: 2003թ. հիմնադրված ընկերության գլխամասը գտնվում է Ցյուրիխում: Ընկերությունը նաև մասնաճյուղեր ունի Բանգկոկում, Ժնևում, Հոնկոնգում, Լիմայում, Լյուքսեմբուրգում, Մումբայում, Նայրոբիում, Օսլոյում և Փարիզում:–0–