Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+9

Եվրոպական կառույցները Հայաստանին կտրամադրեն 24 մլն եվրո` կոշտ թափոնների աղբավայրի շինարարության նպատակով

11.12.2015, 17:26
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանին տրամադրում է 8 մլն եվրո գումարի չափով վարկ` ֆինանսավորելու Եվրոպական Միության չափանիշներին համապատասխանող կոշտ թափոնների աղբավայրի շինարարությունը Երևանում։
Եվրոպական կառույցները Հայաստանին կտրամադրեն 24 մլն եվրո` կոշտ թափոնների աղբավայրի շինարարության նպատակով

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին տրամադրում է 8 մլն եվրո գումարի չափով վարկ` ֆինանսավորելու Եվրոպական Միության (ԵՄ) չափանիշներին համապատասխանող կոշտ թափոնների աղբավայրի շինարարությունը Երևանում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Վարկը համաֆինանսավորվում է 8 միլիոն եվրո վարկով Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) կողմից և 8 միլիոն եվրո կապիտալ դրամաշնորհով Եվրամիության Հարևանության ներդրումային ծրագրի (ՀՆԾ) կողմից:

Նոր աղբավայրը, որը գտնվելու է Նուբարաշենում` քաղաքի կենտրոնից 11 կմ հեռավորության վրա, կհամապատասխանի միջազգային չափանիշներին և կգործի որպես տնտեսապես կայուն միավոր կոշտ թափոնների կառավարման ժամանակակից համակարգերով` ընդգրկելով քաղաքային կոշտ թափոնների հավաքումն ու հեռացումը:

Այս ամենը կերաշխավորի խոշոր բնապահպանական և սոցիալական օգուտներ Երևանի մոտ 1.1 մլն բնակիչների համար:

Իրավաբանական համաձայնագրերը ստորագրվել են ուրբաթ Երևանում ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՎԶԵԲ-ի միջև:

Սա Հայաստանում երկրորդ ծրագիրն է աղբավայրերի ոլորտում, այն հետևում է Կոտայքի աղբավայրի ծրագրին, որի համաձայնագրերը ստորագրվել են 2014թ:

Այս նոր ծրագիրը հաստատում է ՎԶԵԲ-ի հանձնառությունը` աջակցելու կառավարության պլաններին Հայաստանի թափոնների կառավարման համակարգի արդիականացման և այն եվրոպական չափանիշներին հասցնելու հարցերում: Սա ևս մեկ օրինակ կծառայի` բարձրացնելով կոշտ թափոնների կառավարման կարևորության մասին հասարակության իրազեկությունը։

Ի լրումն ՎԶԵԲ-ի ֆինանսավորմանը, Ավստրիայի կառավարությունը տրամադրում է տեխնիկական համագործակցության միջոցներ ծրագրի նախապատրաստման համար, իսկ Չեխիայի Հանրապետության կառավարությունը տրամադրում է ներդրումին հաջորդող` դրամաշնորհային ֆինանսավորում գնումներին և մրցույթին աջակցելու նպատակով:

«Մենք ուրախ ենք տեսնել Հայաստանում կոշտ թափոնների հերթական ծրագիրը, որը կհանգեցնի քաղաքի բնակիչների և երկրի շրջակա միջավայրի համար զգալի օգուտների», – ասել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը։

Նրա խոսքով` կոշտ թափոնների կայուն ծառայությունների առավելությունների մասին հանրային իրազեկվածության բարելավումը այս ծրագրի անբաժանելի մաս է, և «մենք շարունակելու ենք աշխատել ավելի լավ և առողջ միջավայր ստեղծելու ուղղությամբ»:

«Մենք ակտիվորեն և արդյունավետ կերպով համագործակցում ենք Երևանի քաղաքապետարանի ղեկավարության հետ բազմաթիվ ոլորտներում, ինչը գերազանց արդյունքներ է տալիս թե′ ժողովրդին և թե′ երկրին», – ավելացրել է Դեյվիսը։

1992թ. Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության մեկնարկից ի վեր ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 974 մլն եվրո 143 ծրագրերում երկրի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 86 տոկոսը մասնավոր հատվածում է արվել:–0–