Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

ՀՀ կառավարությունը մտադիր է ավելի բծախնդիր մոտենալ ԵՆԲ–ի վարկային միջոցների ծախսմանը

18.11.2016, 18:20
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ կառավարությունը մտադիր է ավելի բծախնդիր մոտենալ ԵՆԲ–ի վարկային միջոցների ծախսմանը

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ուրբաթ ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) փոխնախագահ Յան Վապավուրիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ 

Վարչապետը բարձր է գնահատել ԵՆԲ-ի հետ համագործակցությունը և կարևորել տարբեր ոլորտներում ԵՆԲ-ի համաֆինանսավորմամբ իրականացված ու դեռևս ընթացքի մեջ գտնվող՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման, Երևանի մետրոպոլիտենի, Երևանի ջրամատակարարման ցանցի վերականգնման, կոշտ թափոնների կառավարման ծրագրերը:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել վարկային ծրագրերի շրջանակում Եվրոպական ներդրումային բանկից ստացված տեխնիկական աջակցության համար և նշել, որ այն էապես բարձրացնում է տրամադրվող վարկերի նպատակայնությունը և արդյունավետությունը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունն այսուհետ էլ ավելի բծախնդիր կերպով է մոտենալու վարկային միջոցների ծախսմանը՝ հաշվի առնելով դրանց նպատակն ու մուլտիպլիկատիվ էֆեկտը։ Այդ առումով Կարեն Կարապետյանը կարևորել է ՀՀ կենտրոնական բանկի և ԵՆԲ-ի միջև ստորագրվելիք ՓՄՁ ֆինանսավորման ծրագրի երկրորդ փուլի պայմանագիրը՝ 50 մլն եվրո արժողությամբ:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է առավել զարգացնել փոխգործակցությունը, և որպես հնարավոր համագործակցության ուղղություններ՝ առաջարկել է դիտարկել գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտները՝ ավելացնելով, որ կառավարությունը պատրաստվում է այս բնագավառների զարգացման ուղղությամբ ներկայացնել նոր ռազմավարություններ:

Կարեն Կարապետյանը տեղեկացրել է նաև, որ ստեղծվելու են ոլորտային նոր հիմնադրամներ, որոնք ուղղված են լինելու բիզնեսի խթանմանը և այս ուղղությամբ ևս հնարավոր է ընդլայնել գործակցությունը կառավարության ու ԵՆԲ-ի միջև:

Յան Վապավուրին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ՀՀ նոր կառավարությանը մաղթել հաջողություններ՝ հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու գործում:

ԵՆԲ փոխնախագահը նշել է, որ տեղյակ է բիզնես միջավայրի բարելավմանը միտված ՀՀ կառավարության քայլերի մասին և ընդգծել, որ ԵՆԲ-ն պատրաստ է այդ ուղղությամբ ևս օժանդակություն ցուցաբերել հայաստանյան գործընկերներին:

Միաժամանակ Յան Վապավուրին գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցության մակարդակի առնչությամբ և նշել, որ ԵՆԲ-ն մեծածավալ միջոցներ է ուղղել մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը:

Նա վստահություն է հայտնել, որ համատեղ բոլոր ծրագրերը կշարունակեն նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը:

Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը և Յան Վապավուրին քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:–0–