Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՀՀ վարչապետը բանկային հատվածից ակնկալում է ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկներ

27.09.2016, 20:25
ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ։
ՀՀ վարչապետը բանկային հատվածից ակնկալում է ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկներ
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Վարչապետը կարևորել է ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումը և ընդգծել, որ ակնկալում է գործնական, նաև ոչ ստանդարտ լուծումներ պարունակող առաջարկություններ, որոնց իրականացումը նոր թափ կհաղորդի բիզնես միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը:

«Մեր նպատակն է լսել խնդիրները, մարտահրավերները և սպասումները, որոնք ֆինանսական ու տնտեսական համակարգն ակնկալում է կառավարությունից: Մեր նպատակն է, որպեսզի բիզնեսը «շնչի», այդ տեսանկյունից ես ակնկալում եմ, որ դուք առաջարկներ ներկայացնեք`նշելով, թե ինչ կոնկրետ միջոցառումներ պետք է իրականացվեն՝ տնտեսության համար լրացուցիչ վարկավորում ապահովելու նպատակով: Գործնական լուծումներ առաջարկելու ժամանակն է»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նաև առաջարկել է բանկային համակարգի ներկայացուցիչներին մշակել համապատասխան մեխանիզմներ բանկերում առկա ակտիվների միջոցով վարկավորելու փոքր և միջին բիզնեսը` այդպիսով նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի ակտիվացմանը:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է դրամավարկային քաղաքականությունը, տնտեսության վարկավորման հետ կապված ընդհանուր իրավիճակը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է կառավարության ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող նախարարներին քննարկել ներկայացված առաջարկությունները և բանկային համակարգի ներկայացուցիչների հետ շարունակել համատեղ աշխատանքը՝ բարձրացված խնդիրների լուծման և տնտեսության առանձին ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման ուղղությամբ:–0–