Հայաստանի անշարժ գույքի շուկան կդրսևորի ակտիվություն, սպասվում են հիփոթեքային վարկավորման բարձր տեմպեր. Ամերիաբանկ

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում անշարժ գույքի շուկան կդրսևորի ակտիվություն, սպասվում են հիփոթեքային վարկավորման բարձր տեմպեր, առցանց ասուլիսի ժամանակ ասաց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։
Նրա խոսքով, վերջին ամիսների ընթացքում ՀՀ–ում անշարժ գույքի շուկան զգալիորեն ակտիվացել է, 25–30%–ով ավելացել է գործարքների թիվը, իսկ անշարժ գույքի գները մայրաքաղաքի առանձին շրջաներում ավելացել են 10–15%–ով, հատկապես նորակառույցներում։
Միաժամանակ նա նշեց, որ զգալիորեն աճել է կառուցապատման նոր նախագծերի թիվն այն դեպքում, երբ 2015 թ.–ին հիփոթեքի շուկան բավականին պասիվ էր, իսկ նորակառույցները քիչ էին։
«Շուկայի ակտիվությունը հանգեցրեց հիփոթեքային վարկերի պահանջարկի աճին. միայն Ամերիաբանկում 9 ամսում հիփոթեքի պորտֆելն ավելացել է 20%–ով։ Դա բավականին լուրջ ցուցանիշ է, և միտումները շարունակվում են», – ասաց Բարսեղյանը։
Նա նաև նշեց, որ վերջին երկու տարում հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները զգալիորեն նվազել են, միաժամանակ վարկավորման պայմաններն էականորեն բարելավվել են։
Որպես օրինակ նա նշեց, որ Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում ստանալ հիփոթեքային վարկ գրավի գումարց 100%–ի չափով բարեխիղճ վարկառուներրի համար, միաժամանակ նորակառույցների դեպքում կանխավճարի կարիք չկա (երկրորդային շուկայի համար կանխավճարը տատանվում է մինչև 30%–ի սահմանում, խմբգր.)։
Նրա խոսքով, հիփոթեքային վարկ այսօր կարող է իրեն թույլ տալ անգամ այնպիսի ընտանիք (բաղկացած 4 անձինց, խմբգր.), որի ամսական մաքուր եկամուտը կազմում է 250 հազար դրամ, ինչը թույլ կտա այդ ընտանիքին ստանալ նվազագույն հիփոթեքային վարկ կամ ներգրավել վարկ` եկամտահարկի հաշվին տոկոսները մարելու հնարավորությամբ։
«Մենք կարծում ենք, որ ակտիվության ներկա մակարդակը կշարունակվի նաև հաջորդ տարի, անշարժ գույքի շուկան կլինի բավականին ակտիվ», – ասաց Բարսեղյանն` ավելացնելով, որ սպասվում են նաև հիփոթեքային վարկավորման բարձր տեմպեր։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Բանկը բազմիցս արժանացել է Euromoney, Global Finance, The Banker միջազգային ֆինանսական մրցանակներին։–0–