Հայաստանն առաջին անգամ հյուրընկալում է Միջազգային խորհրդատվական միության համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանում իր աշխատանքն է սկսել Միջազգային խորհրդատվական միության (International Consulting Alliance - ICA) տարեկան համաժողովը, որի հյուրընկալող կողմը «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունն է։
Ինչպես երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ICA–ի հիմնադիր, IBF ընկերության գործադիր տնօրեն Ֆրեդերիկ Անդրեն, համաժողովի նպատակն է ավելի սերտ համագործակցություն հաստատել միջազգային և տեղական, լոկալ ընկերությունների հետ։
«Հուսով ենք, որ դա թույլ կտա ամրապնդել և բարձրացնել նրանց աշխատանքի արդյունավետությունը` միջազգային ֆինանսական կառույցների (ինչպիսիք են ՀԲ–ն, ԵՄ–ն և այլն) տենդերներում մասնակցելու և հաղթելու համար», – ասաց Անդրեն։
ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ Հայաստանն ուրախ է հյուրընկալել Միջազգային խորհրդատվական միության համաժողովը, որը մասնագիտանում է երկրի զարգացման ինստիտուտների համար միջազգային աջակցության և խորհրդատվության տրամադրման հարցում։
«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում լինեն խորհրդատվական ընկերություններ, որոնք կօգնեն ճիշտ ձևավորել կառույցներն ու ինստիտուտները, ապահովել երկրի զարգացումը։ ICA–ի կառույցը, մասնավորապես, համագործակցել է լոկալ գործընկերների հետ, Հայաստանում դա «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունն է, որը հնարավորություն է ընձեռում մասնակցել տեղական տենդերներին տարբեր կոնսորցիումների միջոցով` ապահովելով մասնակցության միջազգային փորձ և տեղական գիտելիքներ այդ փորձի լոկալիզացման համար», – ասաց Գաբրիելյանը։
Նրա խոսքով, նման մոտեցումը թույլ կտա միջազգային ընկերություններին ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի հետ, իսկ տեղական ընկերություններին` ընդլայնել սեփական կապերը, հնարավորություն ստանալ ներկայացնելու սեփական ունակությունները և մասնակցելու տարբեր միջազգային տենդերների։
Միջազգային խորհրդատվական միությունը ստեղծվել է 2012 թ.–ին IBF համաշխարհային առաջատար խորհրդատվական ընկերության կողմից։ Միությունը միավորում է մոտ 60 խորհրդատվական կազմակերպությունների աշխարհի տարբեր երկրներից։ «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայությունը ICA–ի խորհրդի անդամ է 2013 թ.–ից։ «Ամերիան», համագործակցելով ICA–ի մի շարք ընկերությունների հետ, Հայաստանում իրականացրել է մի շարք կարևորագույն ծրագրեր էներգետիկ և անտառային տնտեսության ոլորտներում։–0–
Համաժողովին մասնակցում է ավելի քան 50 խորհրդատու աշխարհի շուրջ 30 երկրից, մասնավորապես Միացյալ Թագավորությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Մադագասկարից, Կիպրոսից, Իտալիայից, Բելգիայից, Ֆինլանդիայից, Իսպանիայից, ՌԴ–ից, Ուգանդայից, Զիմբաբվեից, Ղրղըզստանից, Չինաստանից, Մակեդոնիայից և մի շարք այլ երկրներից։ Նախորդ համաժողովներն անցկացվել են Մակեդոնիայում, Բարսելոնայում և Ստամբուլում։
Եռօրյա համաժողովի ընթացքում ICA ներկայացուցիչները կփոխանակվեն փորձով աշխարհի տարբեր երկրներում նոր գործընկերային կապերի հաստատման համար։–0–