Հայաստանում ներդրումների եկամտաբերությունը կարող է շատ ավելի բարձր լինել, քան զարգացած երկրներում. Ամերիաբանկ
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ներդրումների եկամտաբերությունը կարող է շատ ավելի բարձր լինել, քան զարգացած երկրներում, BNE intellinews միջազգային գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ օտարերկրացի ներդրողները պետք է ներդրումների համար ընտրեն հենց Հայաստանը` նա նշել է, որ դրա համար կան մի շարք պատճառներ և առավելություններ։
«Նախ, մեր երկիրը ապահով է, և հետևաբար ներդրումները նույնպես ապահով են: Երկրորդ պատճառն այն է, որ այժմ մեր երկրում կառավարությունը ձգտում է խթանել օտարերկրյա ներդրումները։ Այդ նպատակով ստեղծվել է հատուկ հարթակ, որտեղ ներկայացված է ավելի քան 3,000 տարբեր ծրագիր ներդրումների համար, և ներդրողները կարող են ընտրել ցանկացածը»,– նշել է Թառումյանը։
Նրա խոսքով, այդ միջավայրը թափանցիկ է, բաց և ապահով:
Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանում ներդրումներ իրականացնում են ոչ միայն հայկական հսկայական սփյուռքի ներկայացուցիչները, այլև սովորական օտարերկրյա ներդրողները։
«Որքան էլ մարդիկ տեղեկացված լինեն Հայաստանի մասին, ունենան հայ հարևաններ և ընկերներ, երբ խոսքը ներդրումների մասին է, բոլորն էլ ուզում են ապահովություն ունենալ, ստանալ շահույթ առանց որևէ զգացմունքների: Հետևաբար, դրանք հիմնականում ուղղակի օտարերկրյա ներդրումներ են», – նշել է Թառումյանը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նախատեսում է առաջիկայում օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի ծավալները հասցնել է մինչև ՀՆԱ–ի 4–5%–ի։ 2016 թ.–ին ֆինանսական զուտ ներհոսքը կազմել է 169 մլն դոլար, իսկ ուղիղ ներդրումները` 130 մլն դոլար։
Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:–0–