Հայաստանում տոկոադրույքների լուրջ փոփոխություն կարճաժամկետ հեռանկարում չի սպասվում. Ամերիաբանկ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տոկոադրույքների լուրջ փոփոխություն կարճաժամկետ հեռանկարում չի սպասվում, առցանց ասուլիսի ժամանակ ասաց Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը։
Նրա խոսքով, 2018 թ.–ի հունվար–օգոստոսին, 2017 թ.–ի նույն ցուցանիշի համեմատ, գրանցվել է 7,7% տնտեսական ակտիվության աճ, ինչը բավականին բարձր ցուցանիշ է։
«Նման պայմաններում, որքան բարձր լինեն տնեսական աճի տեմպերը, այնքան ավելի մեծ կլինի ֆինանսական ռեսուրսների նկատմամբ պահանջարկը, և նման պայմաններում կարող է ստեղծվել որոշակի ճնշում տոկոսադրույքների վրա դեպի նրանց ավելացում», – ասաց Բարսեղյանը։
Նա նշեց նաև տոկոսադրույքների կարևորությունը միջազգային շուկայում, ինչի կապակցությամբ ընդգծեց, որ վերջին 12 ամսում բոլոր հիմնական շուկաներում գրանցվում է տոկոսադրույքների որոշակի աճի միտում։ Մասնավորապես, նրա խոսքով, ԱՄՆ–ի պետական ռեզերվի տոկոսադրույքը, Libor տոկոսադրույքը և անգամ Հայաստանի կողմից թողարկված եվրապարտատոմսերի տոկոսադրույքներն ավելացել են 0,5–0,75%–ով։
«Միջազգային շուկաներում տոկոսադրույքները դրսևորում են աճի միտում, ինչը որոշ ժամանակ անց, բնականաբար, կարող է ազդել նաև հայկական շուկայի վրա», – ասաց Բարսեղյանը։
Նրա խոսքով, երրորդ գործոնը ԿԲ–ի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունն է։ Նա պարզաբանեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ 2017 թ.–ից` 6%–ի սահմանում, սակայն այստեղ ևս հնարավոր են որոշակի փոփոխություններ, ինչը ևս կազդի տոկոսադրույքների մակարդակի վրա։
Ինչպես նշեց Բարսեղյանը, տոկոսադրույքների վրա ազդում է նաև մրցակցությունը հայկական շուկայում, և եթե կապիտալի ավելացումից հետո հայկական բանկերում եղել է լիկվիդայնության ավելցուկ, ապա հիմա բանկերի մոտ արդեն չկա նման խնդիր, և վարկավորման բուֆերներն այդքան էլ բարձր չեն, ինչը ևս կարող է ազդել տոկոսադրույքների մակարդակի վրա։
Նրա խոսքով, ոչ պակաս կարևոր գործոն է նաև երկրի ռիսկայնության մակարդակը։ Որքան ավելի շատ նվազի ռիսկայնությունը, այնքան էլ ավելի բարձր կլինեն վարկանիշերը, և արդյունքում կնվազեն նաև այն ֆինանսական միջոցների տոկոսադրույքները, որոնք հայկական բանկերն ու տնտեսվարող սուբյեկտները կկարողանան գրավել միջազգային շուկայից։
«Ընդհանուր առմամբ, կարճաժամկետ հեռանկարում մենք չենք ակնկալում տոկոսադրույքների լուրջ փոփոխություն և դրանց բարձրացում, քանի որ կան գործոններ, որոնք ճնշում են գործադրում ինչպես դեպի ավելացում, այնպես էլ դեպի նվազում։ Մենք կանխատեսում ենք, որ առաջիկա վեց ամսում չի գրանցվի տոկոսադրույքների լուրջ փոփոխություն», – ասաց Բարսեղյանը։
Նա նաև նշեց, որ երկրում գրանցված վերջին քաղաքական զարգացումները ցույց են տվել, որ բանկային համակարգը չի ենթարկվել ցնցումների, հակառակը, կապիտալիզացիայի և կայունության մակարդակով բոլոր բանկերը հաղթահարել են իրավիճակն առանց ցնցումների։
«Մենք չենք գրանցել դեպոզիտների արտահոսք, ինչը վկայում է այն մասին, որ տնտեսությունը, բանկային և ֆինանսական համակարգն ինստիտուցիոնալ մակարդակում այնքան կայացած են, որ անգամ քաղաքական իրադարձություններն էական ազդեցություն չեն ունենում համակարգի վրա։ Կան սպասելիքներ, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները զգալի բացասական ազդեցություն չեն ունենա ֆինանսական և բանկային համակարգի կայունության վրա», – ասաց Բարսեղյանը։
Հայաստանի բանկերի վարկերի տոկոսադրույքները 2018 թ.–ին գրանցել են նվազման միտում` թարմացնելով պատմական նվազագույն ցուցանիշները։ ԿԲ–ի տվյալներով, Հայաստանի բանկերում վարկերի տոկոսադրույքը սեպտեմբերին կազմել են 12,43%։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Բանկը բազմիցս արժանացել է Euromoney, Global Finance, The Banker միջազգային ֆինանսական մրցանակներին։–0–