Ինեկոբանկը 2017 թ.–ի առաջին կիսամյակն ավարտել է 3,6 մլրդ դրամ շահույթով` պահպանելով առաջատարի դիրքը շուկայում
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկի զուտ շահույթը 2017 թ.–ի առաջին կիսամյակի արդյունքում կազմել է 3,6 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 81.3%-ով։ Միաժամանակ բանկի ROE ցուցանիշը կազմել է 15,8%։
«Բանկը գերազանց արդյունքներ է ապահովել՝ հաջողությամբ պահպանելով առաջատարի իր դիրքը շուկայում և՛ զուտ շահույթով, և՛ ROE-ի ցուցանիշով», – նշվում է Ինեկոբանկի մամուլի հաղորդագրության մեջ։
Ինեկոբանկի ֆինանսական արդյունքների համաձայն ( ՖՀՄՍ-ների հիման վրա պատրաստված, աուդիտորի կողմից չստուգված)`2017 թ.–ի առաջին կիսամյակում ակտիվների ծավալը հասել է 240 մլրդ ՀՀ դրամ՝ տարեսկզբի նկատմամբ գրանցելով 1.6% աճ, իսկ համախառն վարկային պորտֆելը գրանցել է 2.9% աճ՝ կազմելով 171 մլրդ ՀՀ դրամ։ Մասնավորապես, մանրածախ վարկերի պորտֆելն աճել է 6.1%-ով՝ կազմելով 63 մլրդ ՀՀ դրամ, իսկ կորպորատիվ վարկերի պորտֆելը պահպանել է տարեսկզբի մակարդակը՝ կազմելով 108 մլրդ ՀՀ դրամ։
Իրացվելիության ցուցանիշը (իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների հարաբերակցություն) առ հունիսի 30-ը կազմել է 26.6%՝ նվազելով տարեսկզբի 27.2%-ից։
Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, Ինեկոբանկի պարտավորությունների ծավալը կազմել է 194 մլրդ ՀՀ դրամ՝ տարեսկզբի նկատմամբ գրանցելով 0.7% աճ։ Բանկն ունի պարտավորությունների բավականաչափ դիվերսիֆիկացված կառուցվածք, որի 55.7%-ը կազմում են հաճախորդներից ներգրավված միջոցները, իսկ 27.6%-ը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավումներն են։ Հաճախորդներից ներգրավվումների ծավալը հունիսի 30-ի դրությամբ 108 մլրդ ՀՀ դրամ է, որի 77.6%-ը անհատների խնայողություններն են, իսկ 22.4%-ը՝ կորպորատիվ և ինստիտուցիոնալ սեգմենտների հաճախորդներինը։

Միաժամանակ, ակտիվների որակը բարելավվում է՝ հասնելով 2014-2015թթ․մակարդակին։ NPL ցուցանիշը (չաշխատող վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկային պորտֆելում) 2017թ.-ի առաջին կիսամյակի վերջում 6.0% է կազմել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած բարելավվելով 0.2 տոկոսային կետով։ NPL-ի ծածկման գործակիցը կազմել է 60.4%։
Մամուլի հաղորդագրության համաձայն, Ինեկոբանկի սեփական կապիտալը 2017թ. հունիսի 30-ի դրությամբ կազմել է 46 մլրդ ՀՀ դրամ՝ տարեսկզբի նկատմամբ աճելով 5.6%-ով։ ՀՀ ԿԲ նորմատիվներով սահմանված կապիտալի համարժեքության գործակիցը կազմել է 15.4%։ Հարկ է նշել, որ բոլոր հայաստանյան բանկերից պահանջվում է պահպանել սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն 30 մլրդ ՀՀ դրամ մակարդակը և կապիտալի համարժեքության նվազագույն 12% ցուցանիշը։ Առ 2017թ. հունիսի 30-ը Ինեկոբանկը համապատասխանում է բոլոր սահմանված նորմատիվային ցուցանիշներին։
Մամուլի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Ինեկոբանկի զուտ տոկոսային եկամուտը 2017թ.-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 12.7%-ով՝ կազմելով 7.5 մլրդ ՀՀ դրամ։ Ընդհանուր գործառնական եկամտի ծավալը հասել է 9 մլրդ ՀՀ դրամի՝ աճելով 10.4%-ով։
«Ծախսերի կրճատմանն ուղղված Ինեկոբանկի ջանքերը հանգեցրել են ծախս/եկամուտ (Cost/Income) ցուցանիշի 9.5 տոկոսային կետով բարելավման. տարեսկզբի 39.8%-ից 2017թ. 1-ին կիսամյակի վերջում այն նվազել է 30.4%-ի։ Ընդհանուր գործառնական ծախսերը կազմել են 2.8 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազելով 16.1%-ով։ Արեժզրկումից կորուստները բարելավվել են 11.8%-ով՝ 2017թ. 1-ին կիսամյակում կազմելով 2.1 մլրդ ՀՀ դրամ։ Վարկային ռիսկի ցուցանիշը կազմել է 2.5%՝ 2016թ. 1-ին կիսամյակի համեմատ բարելավվելով 0.5 տոկոսային կետով», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–