ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է ՀՀ բանկային համակարգում բանկոմատների քանակով

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցրեց առաջին տեղը բանկոմատների քանակով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատների քանակը հասավ 184-ի, որոնցից 88-ը տեղադրված են Երևանում, 96-ը` ՀՀ մարզերում: 184 բանկոմատներից 27-ը հագեցած են միաժամանակ Cash-in և Recycling գործառույթներով, ինչը հաճախորդներին հնարավորություն է տալիս ոչ միայն կանխիկացնել գումարներ բանկային քարտից, կատարել կոմունալ վճարումներ, քարտից քարտ փոխանցումներ և այլն, այլև անվճար օնլայն ռեժիմում համալրել իրենց քարտերը կանխիկ դրամով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
Ներկայումս Երևանում և Հայաստանի մարզերում արդեն գործում են ՎՏԲ-Հայաստան Բանկի թվով 23 ինքնասպասարկման գոտիներ, որոնք հաճախորդների համար հասանելի են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր: ՎՏԲ-Հայաստան Բանկի ինքնասպասարկման գոտիները բանկոմատներից բացի հագեցած են նաև վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ կատարել ավելի քան 300 ծառայությունների դիմաց: Արդյունքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի 24/7 ինքնասպասարկման գոտիները հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարել բանկային գործառնությունների հիմնական ցանկն առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու և առանց Բանկի գործառնական ժամերով սահմանափակվելու անհրաժեշտության:
«Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի Cash-in բանկոմատները շատ հարմար են ու առավելագույնս հեշտացնում են բանկային գործարքներ կատարելու գործընթացը», - նշում են բանկից:
Cash-in բանկոմատների օգնությամբ կարելի է. համալրել քարտեր անվճար օնլայն ռեժիմում , ակնթարթորեն հասանելիություն ստանալ քարտին մուտքագրված գումարին և կատարել տարատեսակ վճարումներ, համալրել քարտը/քարտային հաշիվը բանկոմատի միջոցով՝ մուտքագրելով թղթադրամներ ոչ թե մեկական՝ այլ փաթեթով, փոխել քարտի PIN-ծածկագիրը, կատարել փոխանցումներ՝ քարտից քարտ, ստանալ քարտային հաշվի մինի քաղվածք, վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:
ՎՏԲ-Հայաստան Բանկը մինչև 2019թ. վերջ նախատեսում է հասցնել իր բանկոմատների քանակը 200-ի, ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում, և անընդհատ աշխատանքներ է տանում բանկոմատների ֆունկցիոնալության կատարելագործման և բանկոմատների ցանցի ընդլայնման ուղղությամբ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–