Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Գավառի մանկատան սաները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ նվաճել են Արմաղան լեռան գագաթը

15.09.2015, 17:43
Սեպտեմբերի 11-ին  Գավառի մանկատան սաները և ուսուցիչները,  մարզի համայնքների անապահով ընտանիքների մի խումբ երեխաներ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության աշխատակիցների հետ  միասին վերելք կատարեցին դեպի Գեղամա լեռնաշղթայի՝ Արմաղան լեռան գագաթը, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Գավառի մանկատան սաները  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ նվաճել են Արմաղան լեռան գագաթը
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./ԱՌԿԱ/ Սեպտեմբերի 11-ին  Գավառի մանկատան սաները և ուսուցիչները,  մարզի համայնքների անապահով ընտանիքների մի խումբ երեխաներ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության աշխատակիցների հետ  միասին վերելք կատարեցին դեպի Գեղամա լեռնաշղթայի՝ Արմաղան լեռան գագաթը, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Արշավը կազմակերպվել էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ,  «Հայաստան» Համահայկական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ բարեգործական ծրագրի շրջանակներում, որի  նպատակն է Գավառի մանկատան սաների համար ստեղծել ընդլայնված կրթական հնարավորություններ, ինչպես նաև նպաստել նրանց սոցիալական ինտեգրմանը:

Հաղթահարելով  ավելի քան 2800 մ բարձրություն` արշավի մասնակիցները այցելեցին  լեռնագագաթին գտնվող  խառնարանային լիճը և հին սրբավայրի տեղում կառուցված մատուռը, ինչպես նաև մասնակցեցին  Հայաստանի անկախության տարեդարձին  նվիրված քննարկմանը:

«Վորլդ Վիժն»-ի Գավառի գրասենյակի աշխատակիցները նրանց համար կազմակերպեցին  ազգային խաղեր և  այլ զվարճանքներ:  Ընդհանուր թվով ավելի քան 40 երեխա և մոտ 25 մեծահասակ մասնակցեց միջոցառմանը:

«Նման միջոցառումները մանկատան սաներին  հնարավորություն են տալիս  հաստատությունից  դուրս  կապեր հաստատել իրենց հասակակիցների հետ և  ձեռքբերել նոր ընկերներ, ինչը նպաստում է այդ երեխաների մոտ հաղորդակցման հմտությունների ձևավորմանը և հասարակության մեջ նրանց ինտեգրմանը»,–ասված է հաղորդագրությունում:

Գավառի մանկատանն իրականացվող  եռակողմ համատեղ ծրագիրը  սկսվել է 2014 թ. հոկտեմբերին:  Ծրագրի շրջանակներում Գավառ քաղաքի մանկատանը ստեղծվել է  կրթական կենտրոն, որտեղ  9-18 տարեկան մոտ 80 երեխա՝ մանկատան սաներից և մարզի անապահով ընտանիքներից, մասնակցում է  հայոց և օտար լեզուների, մաթեմատիկայի,  պատմության խորացված ուսուցման դասերի, ինչպես նաև  տարբեր մասնագիտական դասընթացների:

Ծրագրի՝ մոտ 41 000 000 ՀՀ դրամ ֆինանսավորումն իրականացվում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից թողարկած Visa ԲԱՐԵՐԱՐ  բարեգործական քարտի միջոցով:  Ծրագիրն իրականացնում է  «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը:

Այս ծրագիրը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ , «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի առաջին համատեղ բարեգործական նախաձեռնությունն է:  

«Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության կոչումն է բարեփոխել աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների և համայնքների կյանքը:

«Վորլդ Վիժն Հայաստան» - ը ներկայումս աշխատում է Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Լոռու մարզերի և մայրաքաղաք Երևանի ավելի քան 250 համայնքներում` իրականացնելով զարգացման երկարաժամկետ ծրագրեր և օժանդակելով ավելի քան 32 000 երեխաների և նրանց ընտանիքներին:

«Վորլդ Վիժն Հայաստան» -ի ֆոնդահայթայթման ծրագիրը կոչված է նպաստելու մեր հասարակությունում բարեգործության մշակույթի զարգացմանը, ինչպես նաև բարձրացնելու ձեռնարկությունների և անհատների ներգրավվածությունը համայնքային կյանքում: Տեղական ընկերությունների հետ համատեղ ծրագրերը օգնում են լուծել համայնքների հրատապ խնդիրները՝ այդպիսով նպաստելով երկրի կայուն զարգացմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1992թ-ին և կոչված է խթանելու մարդասիրական օգնությունը և ենթակառուցվածքների զարգացումը ՀՀ-ում և ԼՂՀ-ում: Հիմնադրամն ունի 25 տեղական մարմին ամբողջ աշխարհում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել  ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ակբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը :

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  6 անգամ՝ հասնելով է 57-ի: Բանկն ունի 1207 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը: –0–