Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 27, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Ամենաշահութաբեր բանկը Հայաստանում. Ինեկոբանկը ներկայացնում է 3-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները

26.10.2017, 11:06
Ինեկոբանկը ներկայացնում է 2017թ․ 3-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները՝ հայտարարելով 5.5 մլրդ ՀՀ դրամ շահույթ։
Ամենաշահութաբեր բանկը Հայաստանում. Ինեկոբանկը ներկայացնում է 3-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը ներկայացնում է 2017թ․ 3-րդ եռամսյակի ֆինանսական արդյունքները՝ հայտարարելով 5.5 մլրդ ՀՀ դրամ շահույթ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ գրանցելով 63.7% աճ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ROE-ի ցուցանիշը կազմել է 16.1% ։

«Բանկը շարունակում է ապահովել գերազանց արդյունքներ՝ հաջողությամբ պահպանելով առաջատարի իր դիրքը շուկայում և՛ զուտ շահույթով, և՛ ROE-ի ցուցանիշով», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ակտիվների ծավալը հասել է 245 մլրդ ՀՀ դրամի՝ տարեսկզբի նկատմամբ գրանցելով 3.6% աճ, իսկ համախառն վարկային պորտֆելը գրանցել է 4.1% աճ՝ կազմելով 173 մլրդ ՀՀ դրամ։ Մասնավորապես, մանրածախ վարկերի պորտֆելն աճել է 6.3%-ով՝ կազմելով 63 մլրդ ՀՀ դրամ, կորպորատիվ վարկերի պորտֆելն աճել է 2.8%-ով՝ կազմելով 110 մլրդ ՀՀ դրամ։

Իրացվելիության ցուցանիշը (իրացվելի ակտիվների և ընդհանուր ակտիվների հարաբերակցություն) սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 27.0%՝ նվազելով տարեսկզբի 27.2%-ից։

Պարտավորությունների ծավալը կազմել է 197 մլրդ ՀՀ դրամ՝ տարեսկզբի նկատմամբ գրանցելով 2.1% աճ։ Բանկի պարտավորությունները բավականաչափ դիվերսիֆիկացված են. 60.5%-ը կազմում են հաճախորդներից ներգրավված միջոցները, 27.6%-ը միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավումներն են։ Հաճախորդներից ներգրավումների ծավալը սեպտեմբերի 30-ի դրությամբ 119 մլրդ ՀՀ դրամ է, որի 78.0%-ը անհատների խնայողություններն են, 22.0%-ը՝ կորպորատիվ և ինստիտուցիոնալ սեգմենտների հաճախորդներինը։

Ակտիվների որակը բարելավվում է` հասնելով 2014 - 2015թթ. մակարդակին:

NPL ցուցանիշը (չաշխատող վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր վարկային պորտֆելում) 2017թ.-ի 3-րդ եռամսյակի վերջում 5.6% է կազմել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ բարելավվելով 1.2 տոկոսային կետով։ NPL-ի ծածկման գործակիցը կազմել է 59.7%։

Սեփական կապիտալը 2017թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 48 մլրդ ՀՀ դրամ՝ տարեսկզբի նկատմամբ աճելով 10.3%-ով։

ՀՀ ԿԲ նորմատիվներով սահմանված կապիտալի համարժեքության գործակիցը կազմել է 15.1%։

Բոլոր հայաստանյան բանկերից պահանջվում է պահպանել սահմանված նորմատիվային կապիտալի նվազագույն 30 մլրդ ՀՀ դրամ մակարդակը և կապիտալի համարժեքության նվազագույն 12% ցուցանիշը։ Առ 2017թ. սեպտեմբերի 30-ը Ինեկոբանկը համապատասխանում է բոլոր սահմանված նորմատիվային ցուցանիշներին։

Զուտ տոկոսային եկամուտը 2017թ.-ի 3-րդ եռամսյակի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 15.0%-ով՝ կազմելով 11.5 մլրդ ՀՀ դրամ։ Ընդհանուր գործառնական եկամտի ծավալը հասել է 14.4 մլրդ ՀՀ դրամի՝ աճելով 13.0%-ով։

Ծախսերի կրճատմանն ուղղված մեր ջանքերը հանգեցրել են ծախս/եկամուտ (Cost/Income) ցուցանիշի 10.6 տոկոսային կետով բարելավման. տարեսկզբի 39.8%-ից 2017թ. 3-րդ եռամսյակի վերջում այն իջել է մինչև 29.2%։ Ընդհանուր գործառնական ծախսերը կազմել են 4.2 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազելով 11.2%-ով։

Արժեզրկումից կորուստները բարելավվել են 13.8%-ով՝ 2017թ. 3-րդ եռամսյակի դրությամբ կազմելով 3.2 մլրդ ՀՀ դրամ։ Վարկային ռիսկի ցուցանիշը կազմել է 2.5%՝ 2016թ. 3-րդ եռամսյակի համեմատ բարելավվելով 0.6 տոկոսային կետով։–0–