Երևանում անցկացվում է «Ամերիա» ԸԽ–ի բարեգործական աճուրդը հիվանդ երեխաներին օգնելու համար
12.12.2014,
21:56
Ուրբաթ Երևանում անցկացվում է «Ամերիա» ընկերությունների խմբի կազմակերպած ավանդական` արդեն հինգերորդ բարեգործական աճուրդը` հիվանդ երեխաներին օգնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ Երևանում անցկացվում է «Ամերիա» ընկերությունների խմբի կազմակերպած ավանդական` արդեն հինգերորդ բարեգործական աճուրդը` հիվանդ երեխաներին օգնելու համար։
Այս տարի միջոցառումն անցնում է «Սպորտը կյանքի համար» նշանաբանի ներքո։ Աճուրդն իր շուրջն է համախմբում հայազգի և այլազգի միջազգային ճանաչելիություն և հաջողություններ ունեցող մարզիկների, ովքեր նվիրաբերել են իրենց իսկ ստորագրությամբ սպորտային իրեր։
«Նախորդ 4 աճուրդների արդյունքում հավաքվել էր մոտ 300 մլն դրամ, որոնց շնորհիվ փրկվել են ավելի քան 100 երեխաներ», – միջոցառման նախաշեմին լրագրողներին ասաց Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
Ներկա աճուրդին, որը կազմակերպվել է «Մեգա Սպորտ» ընկերության և Project Hope հիմնադրամի աջակցությամբ, ներկայացված է ավելի քան 20 մարզական լոտ։ Մասնավորապես, ներկայացվել են Արթուր Աբրահամի, Վիկա Դարչինյանի, Ռոնդա Ռոուզիի, Օսկար Դե Լավ Հոյի, Ալեքսանդր Միսկիրտչյանի բռնցքամարտի ձեռնոցները, ինչպես նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների մարզաշապիկներն ու նրանց ստորագրությամբ ֆուտբոլային գնդակները, այլ հայտնի մարզիկներին պատկանող իրեր։
Միջոցառմանը մասնակցում են մեծանուն այնպիսի մարզիկներ և գրոսմայստերներ, ինչպիսիք են հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ, Oլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Լևոն Ջուլֆալակյանը, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, շախմատի Oլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։
Աճուրդից ստացված ողջ հասույթը կուղղվի քաղցկեղով, հեմատոլոգիական հիվանդություններով, իդիոպաթիկ արտրիտով և շտապ բուժում պահանջող հիվանդություններով տառապող երեխաների բուժմանը։
Հայաստանում բնակվող հիվանդ երեխաներին օգնության համար նվիրատվություն կարելի է կատարել` փոխանցելով գումար Ամերիաբանկում բացված 1570036910764400 բարեգործական հաշվեհամարին կամ առցանց նվիրատվության միջոցով։–0–