Անշարժ գույքի հետ կապված շուրջ 16 հազար գործարք է կատարվել Հայաստանում նոյեմբերին
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /ԱՌԿԱ/. 2015 թ.-ի նոյեմբերին Հայաստանում անշարժ գույքի հետ կապված 15945 գործարք է կատարվել, ինչը 18,3 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ:
Միաժամանակ գործարքների թիվը նոյեմբերին, հոկտեմբերի ցուցանիշի համեմատ, կրճատվել է 0,7 տոկոսով։
Հաշվետու ժամանակահատվածում անշարժ գույքի հետ կապված առավել մեծ թվով գործարքներ են գրանցվել Երևանում՝ գործարքների ընդհանուր թվի 35,6 տոկոսը, իսկ ամենաքիչը՝ Վայոց Ձորում` 2,2 տոկոս:
Միաժամանակ Կոտայքի մարզում նոյեմբերին գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 12,7 տոկոսը, Արմավիրի մարզում՝ 7,1 տոկոսը, Արարատում՝ 7,2 տոկոսը, Լոռի մարզում՝ 7,2 տոկոսը, Գեղարքունիքի մարզում՝ 6,2 տոկոսը, Շիրակի մարզում՝ 7,3 տոկոսը, Արագածոտնի մարզում՝ 4,5 տոկոսը, Սյունիքի մարզում՝ 5,7 տոկոսը, իսկ Տավուշի մարզում՝ 4,3 տոկոսը:
Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ նոյեմբերին անշարժ գույքի հետ կապված գործարքների 29, 3 տոկոսը բաժին է հասել անշարժ գույքի օտարման գործարքներին, 11,3 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները:
Բացի այդ, Հայաստանում նոյեմբերին գրանցված գործարքների ընդհանուր թվի 12,4 տոկոսը բաժին է հասել ժառանգությանը, 11,6 տոկոսը կազմել են գրավի գործարքները, 3,5 տոկոսը՝ անշարժ գույքի վարձակալության գործարքները, 31,9 տոկոսը՝ պետական այլ գրանցումները: –0–