Շիրակի մարզում կգործարկվեն կաթնամթերքի և մրգի վերամշակման արտադրամասեր
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Շիրակի մարզում կգործարկվեն կաթնամթերքի և մրգի վերամշակման արտադրամասեր, հաղորդում է Orange Armenia ընկերության մամուլի ծառայությունը։
Նախագիծը, որի շրջանակներում Փանիկ գյուղի ավելի քան 200 ընտանիք մինչև տարվա վերջ բնամթերքը վերամշակելու և հավելյալ եկամուտ ապահովելու հնարավորություն կստանա, իրականացվում է Հայկական միջմասնագիտական միջազգային խմբավորման (G2iA), Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանի և Orange Հիմնադրամի համատեղ ջանքերով:
2014թ.-ին մեկնարկած աշխատանքների արդյունքում համայնքում արդեն հիմնվել է սպառողական կոոպերատիվ: Կաթնամթերքի արտադրամասի վերանորոգման ու տեխնոլոգիաներով հագեցման աշխատանքներն ընթացքում են, և շուտով այն կհանձնվի շահագործման:
Աշնանը շահագործման կհանձնվի նաև մրգի վերամշակման արտադրամասը:
Երեքշաբթի G2iA-ի և և Orange Հիմնադրամի ներկայացուցիչներն այցելեցին Փանիկ՝ ծանոթանալու արտադրամասի նախապատրաստական աշխատանքներին:
«Orange հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը գյուղական համայնքների զարգացման ծրագրերի իրականացումն է: Վերջին տարիներին հատկապես մենք առավել ուշադրություն ենք դարձնում այն ծրագրերին, որոնք նպատակ ունեն գյուղական համայնքները տնտեսապես ուժեղացնել՝ կայուն աշխատատեղեր ու աշխատանքի հնարավորություններ ստեղծելով», – նշել է Orange հիմնադրամի քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:Նրա խոսքով` մասնավորապես Տավուշի, Արագածոտնի և Սյունիքի մարզերում արդեն իրագործվել են մի շարք գյուղատնտեսական ծրագրեր, որոնք հաջողությամբ են պսակվել:
Orange Armenia–ն France Telecom (ապրանքանիշը` Orange) ընկերության 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը հայկական շուկա է մտել 2009թ.–ի նոյեմբերի 5–ին։ Այն ապահովում է ցանցի 83 տոկոսանոց ծածկույթ և բջջային ցանցի և ինտերնետ հասանելիություն հանրապետության 600 համայնքներում (քաղաքներում և գյուղերում)։–0–