Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Ամերիաբանկին ֆակտորինգով զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալն I եռամսյակում աճել է 182%-ով և կազմել շուրջ 4.6 մլրդ ՀՀ դրամ

05.05.2014, 16:52
Ամերիաբանկի ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքները վկայում են, որ բանկը շարունակում է առևտրի ֆինանսավորման ոլորտում կայուն աճի տեմպեր գրանցել ֆակտորինգային գործառնությունների գծով` ամրապնդելով առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում:
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքները վկայում են, որ բանկը շարունակում է առևտրի ֆինանսավորման ոլորտում կայուն աճի տեմպեր գրանցել ֆակտորինգային գործառնությունների գծով` ամրապնդելով առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում:

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, Ամերիաբանկին ֆակտորինգով զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 182%-ով և կազմել շուրջ  4.6 մլրդ ՀՀ դրամ:

Ամերիաբանկն անցյալ տարվա սկզբից անդամակցելով միջազգային խոշորագույն «Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ» (Factors Chain International) միջազգային ֆակտորինգային միությանը` հաճախորդների համար բիզնեսի ընդլայնման մեծ հնարավորություններ է ստեղծել` աշխարհի ավելի քան 80 երկրներից նոր գործընկերներ ձեռք բերելու և սպառման նոր շուկաներ դուրս գալու միջոցով:  

«Այս անդամակցությունը բանկին հնարավորություն ընձեռեց էապես ընդլայնել միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակը. արդյունքում` մեկ տարվա ընթացքում շուրջ 9 անգամ աճել են միջազգային ֆակտորինգի գործարքները»,– նշում են մամուլի ծառայությունից:

Ընթացիկ տարվա մարտի 31-ի դրությամբ բանկի ֆակտորինգային գործարքների 61%-ը բաժին է ընկնում միջազգային ֆակտորինգի գործարքներին, իսկ 39%-ը` ներքին շուկայում իրականացված տեղական գործարքներին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ միջազգային ֆակտորինգի գործարքներն ամբողջությամբ արտահանման գործարքներ են. «Սա վկայում է, որ ֆինանսավորման այս գործիքի միջոցով Ամերիաբանկն էապես նպաստում է արտահանման աճին, միջազգային շուկայում հայրենական ապրանքների իրացմանը»:

«Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ» միությունը վերջերս հրապարակել է հաշվետվություն` համաշխարհային ֆակտորինգի ոլորտի վերաբերյալ, ուր մասնավորապես նշվել է, որ 2013թ. արդյունքներով ֆակտորինգային գործառնությունների ծավալը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 10%-ով և հատել ավելի քան 3 տրիլիոն ԱՄՆ դոլարի սահմանը, ինչը բացառիկ ցուցանիշ է ֆակտորինգային գործառնությունների պատմության մեջ: Սա վկայում է այն մասին, որ աշխարհում օրեցօր աճում է ֆակտորինգի նկատմամբ ընկերությունների պահանջարկը, և այն դիտարկվում է որպես առավել արդյունավետ ֆինանսավորման գործիք, որը թույլ է տալիս վճարման հետաձգման պայմաններում համալրել շրջանառու միջոցները: Եվ չնայած Ամերիաբանկի կողմից առաջարկվող ֆակտորինգային ֆինանսավորման ծառայությունն ունի բավականաչափ ճկուն պայմաններ, այնուհանդերձ, բանկը կիրառելով միջազգային հարուստ փորձը` շարունակում է հաճախորդների համար հանդես գալ անհատական և ոչ ստանդարտ առաջարկներով:

Ամերիաբանկի ակտիվները 2014 թվականի առաջին եռամսյակում աճել են 8 տոկոսով և կազմել են 339 մլրդ դրամ։ Բանկի ընդհանուր պարտավորություններն առաջին եռամսյակում աճել են գրեթե 9 տոկոսով և կազմել են 300 մլրդ դրամ` բանկային համակարգում նվազման ընդհանուր միտման դեպքում։ Վարկային ներդրումների աճը կազմել է 2,5%։ Վարկային պորտֆելն առաջին եռամսյակում կազմել է 181 մլրդ դրամ։

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: -0-