Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում Kempinski բրենդի ներքո կկառուցվի բնակելի luxury համալիր, նախագծի արժեքն ավելի քան 200մլն դոլար է

07.07.2023, 23:28
2025թ.-ի սկզբին համալիրը շահագործման հանձնելուց հետո Kempinski Hotel բրենդն իր վրա կվերցնի համալիրի luxury կառավարումը՝ «հինգ աստղի» մակարդակում
Հայաստանում Kempinski բրենդի ներքո կկառուցվի բնակելի luxury համալիր, նախագծի արժեքն ավելի քան 200մլն դոլար է
ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում 2025թ.-ին Kempinski Hotel միջազգային բրենդի ներքո կբացվի Artlife Kempinski Residences Yerevan բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը:

Ուրբաթ ասուլիսի ժամանակ «Renshin Urban Investment»-ի օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովը հայտնեց, որ Kempinski Hotel-ի հետ ստորագրվել է համաձայնագիր Artlife բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծի բրենդավորման մասին:

«Հայաստանում նման բրենդավորված համալիր չկա, իսկ ԱՊՀ-ում կա ընդամենը մեկ նման օբյեկտ: Բրենդավորված համալիրը միասնական ենթակառուցվածք է, հատված քաղաքում, որտեղ ծառայություններն ու ֆունկցիաները համապատասխանեցվում են միջազգային բրենդի չափորոշիչներին և որակին», - պարզաբանեց նա:

Կասպարովը նշեց, որ 2025թ.-ի սկզբին համալիրը շահագործման հանձնելուց հետո Kempinski Hotel բրենդն իր վրա կվերցնի համալիրի luxury կառավարումը՝ «հինգ աստղի» մակարդակում:

Նրա խոսքով, Հայաստանում բրենդավորված համալիրի ստեղծումը նոր նշաձող է, շինարարության, ժամանցի, ապրելակերպի և կառավարման չափորոշիչ:

«Հայաստանում այս բրենդավորված համալիրի առկայությունը որոշակի հրապարակայնություն կապահովի երկրի համար միջազգային շուկայում», - նշեց նա:

Կասպարովը «ԱՌԿԱ» գործակալության թղթակցին հայտնեց, որ նախագծի ընդհանուր ներդրումային բյուջեն կազմում է 80մլրդ դրամ (մոտ 207մլն դոլար), ֆինանսական գործընկերն է Արդշինբանկը:

Kempinski Hotel խմբի Կառավարման խորհրդի նախագահ, զարգացման գծով տնօրեն Քրիստոֆ Պիֆարետին իր հերթին ընդգծեց, որ Artlife-ը կդառնա Երևանում նոր կենսակերպի կենտրոն:

«Այդ համալիրում ապրող մարդիկ կկարողանան օգտվել հինգ աստղանի հյուրանոցի ողջ ենթակառուցվածքից ընտանեկան միջավայրում», - ասաց նա:

Պիֆարետին նշեց, որ 125-ամյա պատմություն ունեցող Kempinski ընկերությունն այսօր ունի 84 տարբեր համալիրներ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ 20 բնակելի համալիր:

«Renshin Urban Investment»-ի նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Անի Մավյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ համալիրի հասարակական գոտին բաց կլինի բոլորի համար, հնարավոր կլինի այցելել ռեստորաններ, սրճարաններ, բարեր, մշակույթի և արվեստի կենտրոններ և այլն:

«Համալիրում կլինի նաև ենթակառուցվածք դիզայնի, գեղեցկության և արվեստի ոլորտները զարգացնելու համար», - նշեց նա:

100 000քմ մակերեսով և 4 կորպուսներից բաղկացած բազմաֆունկցիոնալ համալիրը կկառուցվի Տերյան 107 հասցեում: Համալիրը կներառի 285 բնակարան, որոնց մեծ մասն արդեն վաճառված է: Այս պահին 1քմ-ի գինը վերանայվում է, քանի որ Kempinski-ն արդեն ներգրավված է գնագոյացման գործընթացում:-0-