Ամերիաբանկը ստորադաս վարկային պայմանագրեր է կնքել Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի և responsAbility Investments–ի հետ
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկը ստորադաս վարկային պայմանագրեր է կնքել Կլիմայական գործընկերության համաշխարհային հիմնադրամի և responsAbility Investments ընկերության հետ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ստորադաս պայմանագրով կտրամադրվի 16.8 մլն եվրո։
Համագործակցության այս նոր երկարաժամկետ գործիքները թույլ կտան բարելավել Ամերիաբանկի կապիտալի համարժեքությունը` զգալիորեն ընդլայնելով Հայաստանում ձեռներեցների և էներգախնայող նախագծերի ֆինանսավորման հնարավորությունները:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Այս նոր վարկային գործիքները զարգացման զգալի հնարավորություններ կստեղծեն` երկարաժամկետ ֆինանսավորման ու վարկային պորտֆելի աճի շնորհիվ: Մենք շատ բարձր ենք գնահատում մեր վաղեմի գործընկերոջ հետ համագործակցությունը, որն այժմ դուրս է եկել նոր հարթություն: Նոր վարկային միջոցները կօգնեն ավելի լավ սպասարկել տարբեր ոլորտներ ներկայացնող հաճախորդների կարիքներն ու կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը»:
responsAbility ընկերության գործադիր տնօրեն Ռոխուս Մոմարցը նշեց. «Ներառական բիզնես-մոդել ունեցող ֆինանսական հաստատությունները երկրի զարգացման կարևոր խթան են: Մենք ուրախ ենք համագործակցել Ամերիաբանկի հետ` հաջողակ ու դինամիկ զարգացող կազմակերպության, որն ակտիվորեն նպաստում է Հայաստանի տնտեսության ֆինանսավորմանն ու խրախուսում «կանաչ» ծրագրերը»:
responsibility-ն զարգացող երկրներում ներդրումային ակտիվների կառավարման ոլորտի առաջատարներից է` 3 մլրդ ԱՄՆ դոլարի պորտֆելով: Ընկերությունը զանազան ներդրումային գործիքների միջոցով մասնավոր պարտքային և բաժնային ֆինանսավորում է տրամադրում 90 երկրներում գործող` ներառական բիզնես-մոդելներ ունեցող 540 կազմակերպությունների: Հիմնադրվել է 2003 թ., գլխամասը գտնվում է Ցյուրիխում, տարածաշրջանային գրասենյակները` Բանգկոկում, Ժնևում, Հոնկոնգում, Լիմայում, Լյուքսեմբուրգում, Մումբայիում, Օսլոյում ու Փարիզում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Բանկը բազմիցս արժանացել է Euromoney, Global Finance, The Banker միջազգային ֆինանսական մրցանակներին։–0–