Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

«AI քեզ բան». ինչպես էին Երևանում քննարկում՝ ինչ և ինչպես սովորել ԱԲ դարաշրջանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այսօր, 17:51
Երևանում տեղի է ունեցել «AI քեզ բան» համայնքի առաջին օֆլայն միջոցառումը
«AI քեզ բան». ինչպես էին Երևանում քննարկում՝ ինչ և ինչպես սովորել ԱԲ դարաշրջանում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/ԱՌԿԱ/․ Երևանում տեղի է ունեցել «AI քեզ բան» համայնքի առաջին օֆլայն միջոցառումը, որը միավորել է reArmenia ակադեմիայի կրթական նախագծի մասնակիցներին, բիզնեսի ներկայացուցիչներին և արհեստական բանականության (ԱԲ) ոլորտի փորձագետներին: Միջոցառման մասնակիցները քննարկել են ԱԲ-ի դերը Հայաստանի զարգացման գործում, կրթական հեռանկարները և տեխնոլոգիական փոփոխություններին հարմարվելու գործնական քայլերը:

«Փաստացի սա «AI քեզ բան» համայնքի առաջին միջոցառումն է: Այսօր մենք առաջին անգամ հավաքվել ենք՝ ծանոթանալու, միմյանց հետ մտերմանալու և ներկայացնելու, թե որոնք են լինելու մեր հաջորդ քայլերը», - ասել է reArmenia հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Ինչպես ամեն ինչ սկսվեց...

Ըստ Պողոսյանի՝ reArmenia հիմնադրամի առաքելությունը հայերին հզորացնելն ու միավորելն է։ Նույն նպատակն էր հետապնդում նաև 2021 թվականին ստեղծված reArmenia հարթակը։ Ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ կրթությունը լավագույն միջոցն է այդ նպատակին հասնելու համար։ Այդպես էլ ծագեց ակադեմիայի ստեղծման գաղափարը։

AI qez ban, Геворг Погосян

reArmenia ակադեմիայի տնօրեն Ռեբեկա Հակոբյանը պատմեց, որ «AI քեզ բան» կրթական նախագիծը գործում է կես տարուց մի փոքր ավելի. առաջին դասընթացը մեկնարկել է 2025 թվականի մարտի 19-ին, իսկ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին reArmenia ակադեմիան առանձնացել է ReArmenia հիմնադրամից և որպես կրթական ու տեխնոլոգիական ընկերություն՝ ծառայություններ է մատուցում հայերին, ինչպես նաև արտահանում դրանք այլ երկրներ:

Դասընթացների մասնակիցներն ինչպես անհատներ են, այնպես էլ կազմակերպություններ։ Համագործակցություն է իրականացվում նաև համալսարանների հետ։

«Մենք ստեղծել ենք եզակի մոդել, որտեղ ընկերության հիմնական բաժնետերը reArmenia հիմնադրամն է, իսկ մյուս բաժնետերերը՝ հայկական և միջազգային ներդրողներ։ Այսօր մենք ունենք 14 բաժնետեր։ Այս պահին մենք ներգրավել ենք 670 հազար դոլարի ներդրում, ընկերությունը գնահատվում է 10 միլիոն դոլար», - ասաց նա՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«AI քեզ բան» ուսումնական ծրագրի համակարգող Անահիտ Վարդանյանը պարզաբանեց, որ նախագծի առանձնահատուկ կողմը դասընթացները սովորողների կարիքներին հարմարեցնելու հնարավորությունն է՝ ինչպես ձևաչափի, այնպես էլ մեթոդաբանության տեսանկյունից:

«Մենք ունենք Start դասընթացներ նրանց համար, ովքեր առաջին անգամ են իմացել ԱԲ-ի մասին, LevelUp՝ նրանց համար, ովքեր ցանկանում են առկա գիտելիքները նոր մակարդակի հասցնել, և Pro՝ կոնկրետ մասնագետների, այդ թվում՝ ԱԲ-մարքեթոլոգների կամ ԱԲ-դասախոսների համար», - նշեց նա:

Վարդանյանի խոսքով՝ ուսումնական գործընթացի շրջանակում լուծվում են տարբեր իրական խնդիրներ՝ զուգահեռաբար ձեռք բերելով նոր գիտելիքների մեծ պաշար:

...և ուր գնալ

Գևորգ Պողոսյանի խոսքով՝ նախագծի նպատակն է 5 տարվա ընթացքում կրթել առնվազն 1 միլիոն հայ։ Նա հայտնեց, որ կես տարվա ընթացքում արդեն ձևավորվել է մոտ 9 հազար հոգուց բաղկացած համայնք, այդ թվում՝ վճարովի դասընթացների և անվճար վեբինարների մասնակիցները։ Ընդ որում, պարապմունքներն անցկացվում են առցանց, առկա և հիբրիդային ձևաչափով։

Ռեբեկա Հակոբյանը համոզված է, որ Հայաստանը կարող է դառնալ կրթություն և կրթական տեխնոլոգիաներ արտահանող երկիր։

AI qez ban, Ребека Акопян

Այս համատեքստում նա տեղեկացրեց, որ արդեն 2026 թվականի փետրվարից մեկնարկում է համագործակցությունը Հնդկաստանի հետ՝ մի երկրի, որն ԱԲ-ի ադապտացիայի ցուցանիշներով դասվում է աշխարհի առաջատար տասնյակում։

Ռեբեկա Հակոբյանը համոզված է, որ Հայաստանը կարող է դառնալ կրթություն և կրթական տեխնոլոգիաներ արտահանող երկիր։

Այս կապակցությամբ նա հայտնեց, որ արդեն 2026 թվականի փետրվարից մեկնարկում է համագործակցությունը Հնդկաստանի հետ՝ մի երկրի, որն ԱԲ-ի ադապտացիայի ցուցանիշներով դասվում է աշխարհի առաջատար տասնյակում։

«Մենք համագործակցելու ենք Հնդկաստանի հնագույն համալսարաններից մեկի հետ և այնտեղ անցկացնելու ենք ԱԲ գրագիտության դասընթացներ անգլերեն լեզվով հնդկական լսարանի համար։ Սա արդեն իսկ ապացուցում է, որ Հայաստանում կարելի է ստեղծել շատ հաջողակ նախագծեր և տեխնոլոգիաներ, որոնք կարող ենք արտահանել և այդպիսով ամրապնդել Հայաստանի դերը որպես ԱԲ-ի, ԱԲ-տեխնոլոգիաների, ԱԲ-կրթության և, ընդհանուր առմամբ, կրթությունը տրանսֆորմացնող երկրի», - ընդգծեց նա։

Keep up with AI

Ամերիաբանկի մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը չափազանց կարևոր է համարում, որ ԱԲ ոլորտի գիտելիքները հասանելի դառնան բոլորի համար, քանի որ դա կարևորագույն գործիք է ոչ միայն կազմակերպության, այլև յուրաքանչյուր մարդու անհատական հաջողության համար:

AI qez ban, Анна Варданянц

Նրա խոսքով՝ ԱԲ-ն այսօր թույլ է տալիս արագ ավտոմատացնել տեխնիկական, առօրյա միօրինակ աշխատանքը և մարդկանց տալ ավելի մեծ ազատություն ու հնարավորություն՝ կենտրոնանալու ստեղծագործական մտածողության, կրեատիվ աշխատանքի, մարդկային էմոցիաների, հարաբերությունների, արդյունավետ փոխգործակցության և արարման վրա:

Միևնույն ժամանակ, նա համոզված է, որ ԱԲ-ն երբեք չի փոխարինի մարդուն, այլ կդառնա մարդկային առաջընթացի նոր մեխանիզմ:

«ԱԲ-ն օգնում է մարդկանց հարցեր տալ և հասկանալ, որ չկան ճիշտ կամ սխալ հարցեր։ Կա հետաքրքրասիրություն՝ աշխարհը ճանաչելու անսահման կարողություն։ Հենց սա է այն կարևորագույն հատկանիշը, որը կկարողանա առաջ մղել մարդկության հետագա առաջընթացը», - ընդգծեց նա։

Վարդանյանցը նշեց, որ Ամերիաբանկն առաջին կազմակերպություններից է, որն ԱԲ-ն՝ որպես կրթական ծրագիր, ինտեգրել է իր պարտադիր նախագծերում։

«Բանկում ակտիվորեն ներդրվում է ԱԲ-ն, իրականացվում են մասշտաբային զանգվածային ուսուցողական ծրագրեր։ Մենք ծրագրեր ենք իրականացնում ինչպես ղեկավարների, այնպես էլ աշխատակիցների, մասնաճյուղային ցանցի, ինչպես նաև տարբեր տեխնոլոգիական և արտադրական թիմերի կազմում ընդգրկված մասնագետների համար»,- պարզաբանեց նա։

Բացի այդ, նրա խոսքով, Ամերիաբանկում կան ԱԲ-պիոներներ և ԱԲ-ներդրողներ՝ մարդիկ, ովքեր կիսվում են իրենց փորձով ու նախագծերով՝ ներկայացնելով, թե ինչպես է ԱԲ-ն օգնում ավտոմատացնել և օպտիմալացնել աշխատանքը:

«Մենք ունենք նաև այլ հետաքրքիր նախագծեր, որոնք իրականացնում ենք reArmenia-ի հետ համատեղ: Այս պահին քննարկում ենք ԱԲ-գործակալների (AI agents) ստեղծման մի քանի նախագծեր, որոնք կօգնեն օպտիմալացնել տարբեր պարզ գործընթացներ, օրինակ՝ HR ոլորտում, և դրանով իսկ թեթևացնել մարդկային աշխատանքը», - հայտնեց նա:

Նշելով, որ կազմակերպության արդյունավետությունը չափվում է նրանով, թե որքան արագ և ճկուն է այն հարմարվում փոփոխություններին, Վարդանյանցն ասաց, որ Ամերիաբանկն արդեն այսօր աշխատում է աշխատակիցների վերապատրաստման և նրանց ապագայի հմտություններին նախապատրաստելու ուղղությամբ:

Որն է «լավը» և ինչպես ուղղել «վատը»  

reArmenia ակադեմիայի գործընկերության հարցերով պատասխանատու Արտակ Բեգլարյանը ներկայացրեց մի քանի տվյալներ Հայաստանի վերաբերյալ:

AI qez ban, Артак Бегларян

Այսպես, ըստ Coursera-ի ԱԲ հասունության ինդեքսի (Coursera's AI Maturity Index), որը ցույց է տալիս երկրների հարաբերակցությունն՝ ըստ ԱԲ ներդրման պատրաստվածության մակարդակի, Հայաստանը գտնվում է 64-րդ տեղում, իսկ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) նորարարությունների ներուժի վարկանիշում (Global Innovation Index)՝ 63-րդ տեղում:

Ըստ ՏՀԶԿ (OECD) տվյալների՝ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանը զբաղեցնում է 1-ին տեղը մեկ շնչին ընկնող ԱԲ վերաբերյալ հրապարակումների քանակով:

ՀՆԱ-ում ՏՏ ոլորտի մասնաբաժինն արդեն կազմում է շուրջ 7%, այս ոլորտի տարեկան շրջանառությունը գերազանցել է 1 տրիլիոն դրամի շեմը: Ընդ որում, ՏՏ ոլորտում ԱԲ-ի տեսակարար կշիռն արագորեն աճում է:

Միևնույն ժամանակ, Հայաստանը դեռևս չունի ԱԲ ազգային ռազմավարություն՝ ի տարբերություն 77 երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Վրաստանի, ինչի պատճառով երկիրը, ըստ Global Index on Responsible AI-ի տվյալների, 138 երկրների շարքում զբաղեցնում է 101-րդ տեղը:

Բեգլարյանը ներկայացրեց նաև ԱԲ ոլորտում հաջողության հասնելու «ճանապարհային քարտեզը».

1.     ԱԲ մոդելների ստեղծում, ինչը գիտական ամենախորը և բարդ մակարդակն է:

2.     ԱԲ գործիքների ստեղծում և ԱԲ արտադրանքի մատակարարում միջազգային շուկաներ, ինչով արդեն իսկ զբաղվում են բազմաթիվ ընկերություններ:

3.     Օգտատերերի ուսուցում ԱԲ գործիքներին, որտեղ առկա է շատ մեծ ներուժ:

Կարճ՝ կարևորի մասին  

Պանելային քննարկման մասնակիցները խոսեցին այն մասին, թե ինչպես մարդը պետք է կազմակերպի իր առօրյան և զարգացման գործընթացը, որպեսզի հետ չմնա ԱԲ-ից և համընթաց քայլի բոլոր նորամուծությունների հետ:

AI qez ban

«Այբ» կրթական հիմնադրամի համահիմնադիր Արամ Փախչանյան
  • ԱԲ ուսուցման ճիշտ ուղի կառուցելու համար պետք է պատրաստ լինել «միացնել ուղեղը» և մտածել ԱԲ-ի հետ միասին
  •   ԱԲ-ն կարող է լինել ենթակա, գործընկեր, բայց երբեք՝ ղեկավար
  •     Եթե հույսը դնեք այն բանի վրա, որ ԱԲ-ն ամեն ինչ կանի ձեր փոխարեն, ինչ-որ պահի նա կսկսի թելադրել ձեզ, թե ինչ անել, և դուք երբեք չեք դառնա լավագույնը, դուք կդառնաք միջակ։
  •     ԱԲ-ն՝ որպես օգնական, հիանալի է, բայց պետք է հասկանալ, որ հենց մարդն է կայացնում որոշումը:

ԱՄԻՕ Բանկի կորպորատիվ մշակույթի ղեկավար Աննա Կոնջորյան

  • Տիրապետել ԱԲ-ին՝ նշանակում է լինել համարձակ ԱԲ-ի հետ:
  • ԱԲ-ստեղծարարության համար անհրաժեշտ հմտություններն են՝ տեսնել թրենդները, գտնել կապն առաջին հայացքից անհամատեղելի թվացող երևույթների միջև և ճիշտ ձևակերպել հարցերը:

Ամերիաբանկի մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանց

  • Կարևոր է տարածել ԱԲ-ի վերաբերյալ գիտելիքներն ու փորձը, խոսել վտանգների և առավելությունների մասին, սահմանել էթիկական նորմեր ու տրամաբանություն, կոտրել վախերը:
  • Մեր հաջողության գրավականը շարունակական և հասանելի ուսուցումն է՝ առանց որևէ սահմանափակումների:
  • Կգա մի պահ, երբ ԱԲ-ն կդառնա առօրյայի մի մասը և նույնքան սովորական երևույթ, որքան այսօր սմարթֆոնն է:
  • Առաջընթացը սկսվում է այն ժամանակ, երբ դու համարձակվում ես հարցեր տալ, իսկ ԱԲ-ն մշտապես ստիպում է մարդկանց հարցեր ձևակերպել:

FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Սուզաննա Շամախյան

  • Պետք է կարողանալ տալ ճիշտ հարցեր՝ ճիշտ պատասխաններ ստանալու և առասպելն իրականությունից տարբերելու համար:
  •  Եթե դու չես կարողանում մտածել, ԱԲ-ն քեզ ոչինչ չի տա, և հակառակը՝ ԱԲ-ն կարող է օգնել քեզ, եթե դու հստակ գիտես, թե ինչ է քեզ անհրաժեշտ