Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Air Armenia ավիաընկերությունը թռիչքները կվերսկսի 2015-ի մարտի երկրորդ կեսին. ընկերության գլխավոր տնօրեն

19.12.2014, 18:47
Air Armenia ավիաընկերությունը թռիչքները կվերսկսի 2015-ի մարտի երկրորդ կեսին, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը։
Air Armenia ավիաընկերությունը թռիչքները կվերսկսի 2015-ի մարտի երկրորդ կեսին. ընկերության գլխավոր տնօրեն
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Air Armenia ավիաընկերությունը թռիչքները կվերսկսի 2015-ի մարտի երկրորդ կեսին, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը։ 

«Մենք ծրագրում էինք թռիչքներ իրականացնել դեկտեմբերի 20–ից, սակայն չհասցրեցինք ֆինանսներ ներգրավել։ Բացի այդ, մեր նոր գործընկերները դեմ են հունվար–փետրվարին թռիչքների իրականացմանը, քանի որ դա ցածր ծանրաբեռնվածության սեզոն է։ Նրանք չեն ցանկանում գործը սկսել խոշոր վնասներով։ Այդ պատճառով որոշվեց վերսկսել թռիչքները մարտի երկրորդ կեսին։ Թռիչքները կշարունակվեն նախկինում իրականացվող բոլոր ռուսական և եվրոպական ուղղություններով», – ասաց Ավետիսյանը։ 

Նրա խոսքերով` այժմ աշխատանք է իրականացվում երկու ինքնաթիռներ վերադարձնելու ուղղությամբ, որոնք գտնվում են Ամստերդամում` տեխնիկական սպասարկման նպատակով։ 

«Դեկտեմբերի 12–ին պայմանագիր է ստորագրվել մեր նոր գործընկերոջ`«East Prospect Fund» հիմնադրամի հետ, որն արդեն ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսի սեփականատերն է, մնացած 51 տոկոսը պատկանում է ինձ։ Նոր բիզնես ծրագրի համաձայն` մեր ինքնաթիռների թիվը 2015 թ.–ին կհասնի հինգի։ Մեր գործընկերների ծրագրերն ավելի հավակնոտ են։ Նրանք ցանկանում են արդեն 2015 թ.–ից թռիչքներ իրականացնել դեպի Ասիա` Թաիլանդ, Չինաստան և այլն։ Սակայն ես ավելի պահպանողական եմ վերաբերվում դրան, այդ պատճառով դեռ չեմ ցանկանում հաստատել այդ ծրագրերը։ Ասիական ուղղությունների համար հարկավոր են ավելի խոշոր ինքնաթիռներ», – նշեց Ավետիսյանը։ 

Նրա խոսքերով` այժմ իրենք բանակցություններ են վարում շատ խոշոր ավիաընկերության հետ։

«Մենք նրա հետ թռիչքներ ենք իրականացնելու դեպի այդ ընկերության երկիր, որտեղից սկզբնական փուլում իրականացվելու են տարանցիկ փոխադրումներ դեպի Ասիա մինչև ուղիղ չվերթեր սկսելը։ Ինչ վերաբերում է տարանցմանը Երևանի տարածքով, ապա նման կերպ նրանք պետք է ուղևորներին տեղափոխեն այստեղ, իսկ այստեղից մենք նրանց կտեղափոխենք Ռուսաստան և այլ եվրոպական երկրներ», – ընդգծեց Ավետիսյանը։ 

«East Prospect Fund» հիմնադրամի կառավարիչ Վլադիմիր Բոբիլյովի խոսքերով` հիմնադրամի վերահսկողության տակ գտնվող ակտիվների ծավալը կազմում է 2,5 մլրդ դոլար։ 

«Մենք Air Armenia–ի մեջ կներդնենք 30 մլն դոլար, որպեսզի առաջին հերթին ընկերության մեջ ներգրավվեն նոր օդանավեր, հայտնվի աշխատանքի հնարավորություն դեպի նոր ավիաուղղություններ, մասնավորապես` դեպի մի շարք արաբական պետություններ, Չինաստան և հարավ–արևելյան Ասիա։ Մեր ներդրումների նպատակն է դարձնել Air Armenia–ն տարածաշրջանի առաջատարը։ Մենք ուղիղ ներդրումների հիմնադրամ ենք, օգտագործում ենք այլ հիմնադրամների նման մոտեցումներ և դեպի հեռուն ենք նայում`ներդրումներից վերադարձ ստանալու հնարավորություն», – նշեց Բոբիլյովը։ 

Air Armenia ավիաընկերության ղեկավարությունը հոկտեմբերի վերջին որոշում է կայացրել կտրուկ քայլեր կատարել ֆինանսների վերակազմավորման և թռիչքների ժամանակացույցը փոխելու ուղղությամբ։ Ավիաընկերության չվերթերը դադարեցվեցին։ Ավելի վաղ Air Armenia–ում հայտարարեցին, որ ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունն Air Armenia–ում առկա խնդիրների մասին հանգեցրել է վաճառքների նվազման 80 տոկոսով, ինչի հետևանքով հասույթը մոտեցել է կրիտիկական նվազագույնի։

«Արմավիա» ազգային ավիափոխադրողի սնանկացման ընթացակարգի մեկնարկից հետո (2013 թվականի ապրիլի 1) Air Armenia–ն, որը նախկինում միայն բեռնափոխադրումներ էր իրականացնում ԱՊՀ, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ, անցել է ուղևորափոխադրումների իրականացման։ –0–