Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+2

«Ամերիաբանկ»-ի ֆինանսական տնօրեն. Հայաստանը պետք է լինի տարածաշրջանում ներդրումային որոշումների կիզակետում

29.09.2025, 18:20
Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը միջազգային ներդրողների շրջանում ՀՀ-ի  ճանաչելիության բարձրացմանն աջակցելու հարցում. «Ամերիաբանկ»-ի  ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյան
«Ամերիաբանկ»-ի ֆինանսական տնօրեն. Հայաստանը պետք է լինի տարածաշրջանում ներդրումային որոշումների կիզակետում

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Ամերիա բանկն իր պարտքն է համարում բարձրացնել միջազգային ներդրողների շրջանում Հայաստանի տեսանելիությունն ու ճանաչելիությունը, ասել է Ամերիա բանկի ֆինանսական գծով տնօրեն՝ Հովհաննես Թորոյանը։

«Հայաստանը դեռևս բավարար ճանաչում չունի համադրելի երկրների համեմատ, ուստի մենք համաշխարհային ներդրողների լայն ցանցի հետ ակտիվորեն կիսվում ենք տնտեսության և բանկային համակարգի վերաբերյալ տվյալներով։ Հայաստանի ներուժի մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ սերտորեն աշխատում ենք ներդրումային բանկերի, ֆոնդերի և ինստիտուցիոնալ կառույցների հետ»,- ասել է նա Forbes ամսագրի՝ Հայաստանի տնտեսական և ներդրումային գրավչությանը նվիրված հատուկ զեկույցի «Ամերիաբանկ» բաժնում հրապարակված հարցազրույցում։

Թորոյանը կարծում է, որ շարունակական ներգրավվածությունը չափազանց կարևոր նշանակություն ունի, քանի որ երկրի միջազգային իմիջի բարելավումը երկարաժամկետ գործընթաց է։

«Մեր ցանկությունն է, որ տարածաշրջանում նոր ներդրումային ուղղություններ որոնելիս որոշում կայացնողները դիտարկեն նաև Հայաստանը»,-ասել է Թորոյանը։

Ընդգծելով, որ Ամերիաբանկն առաջինն էր Հայաստանում և առաջիններից մեկը տարածաշրջանում, որը թողարկեց կանաչ պարտատոմսեր՝ Թորոյանն ասաց, որ բանկն իր գործունեությունը կառուցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին համահունչ՝ դրանցից չորսը համարելով գերակա։

«Այս սկզբունքները ներդրված են մեր վարկային քաղաքականության մեջ. մենք սահմանում ենք բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման նվազագույն չափանիշներ հաճախորդների համար, աջակցում, որ նրանք համապատասխանեն դրանց և նույնիսկ վերանայում պայմանները, եթե առկա է չհամապատասխանելու ռիսկ։

Միշտ չէ, որ այս գործընթացը հեշտ է եղել, բայց արդեն ավելի շատ հաճախորդներ են տեսնում, թե ինչպես են այս միջոցառումները պաշտպանում նրանց ռիսկերից, ամրապնդում ճկունությունը և օգնում ապահովել կայուն աճ։ Մենք նաև հրապարակում ենք կայուն զարգացման տարեկան զեկույցներ, որոնք հաստատվում են երրորդ կողմերի կողմից, իսկ յուրաքանչյուր վարկ օգտագործում ենք որպես պատասխանատու բիզնես գործելակերպը խթանելու հնարավորություն»,-ասել է նա։

Ամերիա բանկի ֆինանսական գծով տնօրենը նաև հավելել է, որ ժամանակի ընթացքում շատ ավելի հեշտ է դարձել մտածելակերպի այս փոփոխությունը մարդկանց փոխանցելը, և մենք հավատում ենք, որ այն կդառնա համընդհանուր չափանիշ Հայաստանի բանկային համակարգում։