Ամերիաբանկը ձևավորում է ՀՀ ֆինանսական ապագան և ամրապնդում իր դերը տարածաշրջանային տնտեսությունում. Forbes
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Ամերիաբանկը համատեղում է հարյուրամյա ժառանգությունն ու ապագայամետ ռազմավարությունները։ Թվային փոխակերպման, ֆինանսատեխնոլոգիական նորարարության և կայունության նկատմամբ հանձնառու մոտեցմամբ այն շարունակում է ձևավորել Հայաստանի ֆինանսական ապագան՝ միաժամանակ ամրապնդելով երկրի դերը տարածաշրջանային տնտեսությունում։
Այս մասին ասվում է Forbes ամսագրի՝ Հայաստանի տնտեսական և ներդրումային գրավչությանը նվիրված հատուկ զեկույցի՝ Ամերիաբանկին նվիրված բաժնում։
Forbes-ի վերլուծաբանները նշում են, որ վերջին տասնամյակի ընթացքում բանկը ցուցաբերել է կայուն բարձր տարեկան աճ բոլոր առանցքային ցուցանիշներով։
«Միայն 2024 թվականին ակտիվներն աճել են ավելի քան 30 տոկոսով` հասնելով մոտ 4.8 միլիարդ ԱՄՆ դոլարի, իսկ մանրածախ վարկային պորտֆելն ընդլայնվել է ավելի քան 40 տոկոսով։ Գործարքների ավելի քան 99 տոկոսն այժմ կատարվում է թվային և հեռավար կապուղիներով՝ բանկի բջջային հավելվածի արագ տարածման և օնլայն բանկինգի նկատմամբ հանրային պահանջարկի աճի շնորհիվ։ Թվային հարթակների լայն կիրառումն արմատապես բարելավել է հաճախորդների համար ծառայությունների հասանելիությունը՝ ձևավորելով ավելի ներառական և արդյունավետ ֆինանսատեխնոլոգիական միջավայր»,- ասվում է «Ամերիաբանկ. որտեղ թվայինը հանդիպում է կայուն ֆինանսավորմանը» վերնագրով բաժնում։
Նշվում է, որ միջազգային ֆինանսավորումը դարձել է Ամերիաբանկի ռազմավարության առանձնահատկությունը։
«2025 թվականի սկզբին բանկը ֆինանսավորման խոշոր փաթեթ է ներգրավել համաշխարհային գործընկերներից՝ կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմագրավելու և փոքր բիզնեսի ու կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների զարգացումը խթանելու նպատակով։
Այդ միջոցները կնպաստեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտանետումների նվազեցմանը` խթանելով Հայաստանի անցումը կանաչ տնտեսության»,-նշվում է զեկույցում։
Նշվում է նաև, որ Զարգացման միջազգային բանկերի հետ կնքված լրացուցիչ համաձայնագրերի շնորհիվ ներդրվել են ռիսկերի բաշխման նոր մեխանիզմներ՝ ընդլայնելով կապիտալի հասանելիությունը տեղական ընկերությունների համար և նպաստելով շրջակա միջավայրի ու սոցիալական կառավարման ավելի բարձր ստանդարտների կիրառմանը։
«Ամերիաբանկը նաև առաջատար դիրք է զբաղեցնում Հայաստանի կապիտալի շուկայում։ Տասը տարի անընդմեջ այն ճանաչվել է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկը»՝ իրականացնելով երկրի՝ տասնյակ միլիոնավոր դոլարների ծավալով առաջին կանաչ պարտատոմսերի տեղաբաշխումը և սահմանելով թափանցիկության նոր չափանիշներ»,-ասվում է զեկույցում։
Նշվում է նաև, որ սպառողական վարկավորման ոլորտում Ամերիաբանկը հիփոթեքային և ավտովարկերի պորտֆելներով այժմ բացարձակ առաջատարն է Հայաստանի վարկային շուկայում՝ տնօրինելով, համապատասխանաբար, ավելի քան 20 և շուրջ 50 տոկոս մասնաբաժին։
«Այս ցուցանիշների զգալի աճին նպաստել են բանկի MyHome և MyCar առցանց հարթակները, որոնք ապահովում են անխափան թվային փորձառություն՝ սկսած գույքի որոնումից մինչև ֆինանսավորում։ Այս հարթակները ինտեգրված էկոհամակարգերի շնորհիվ հաճախորդների փոփոխվող կարիքների արդյունավետ բավարարվան վառ օրինակ են»,-ասվում է զեկույցում։
Forbes-ի վերլուծաբանները գրում են, որ մանրածախ ծառայությունների ոլորտի վերջին արդիականացումները՝ ներառյալ թվային նոր հնարավորությունները, անվտանգության կենսաչափական գործիքները և հաշիվների սպասարկման պարզեցված ընթացակարգերը, ընդգծում են բանկի անփոփոխ հանձնառությունը մրցակցային միջավայրում հաճախորդի փորձառության բարելավման և նորարարական լուծումների ներդրման ուղղությամբ։