Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Ամերիաբանկը 2018թ. արձանագրել է իր պատմության մեջ ռեկորդային շահույթը

11.03.2019, 21:51
Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը Para TV–ին պատմել է բանկի` 2018 թվականի աշխատանքի և Հայաստանի բանկային համակարգի գործունեության արդյունքների մասին։
Ամերիաբանկը 2018թ. արձանագրել է իր պատմության մեջ ռեկորդային շահույթը

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./ԱՌԿԱ/. Ամերիաբանկի գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը Para TV–ին պատմել է բանկի` 2018 թվականի աշխատանքի և Հայաստանի բանկային համակարգի գործունեության արդյունքների մասին։

Նրա խոսքով, Ամերիաբանկի համար նախորդ տարին բավականին հաջողակ էր, բանկն առաջատար դիրքեր է զբաղեցրել է ակտիվների, պարտավորությունների, կապիտալի և շահույթի ցուցանիշներով։

«Հատկանշական է, որ նախորդ տարի մեր բանկի շահույթը գերազանցել է 10 մլրդ դրամը, ինչը բանկի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում վարկային պորտֆելի միջին տարեկան աճը կազմել է 20-25 տոկոս։ Շուկայում բանկի ակտիվների բաժնեմասը կազմում է 15 տոկոս, իսկ վարկային պորտֆելի բաժնեմասը` 17 տոկոս»,– ասաց նա։

Թառումյանը նշեց, որ բանկը ձգտում է ամրապնդել իր դիրքերը մանրածախ վարկավորման և ՓՄՁ վարկավորման ոլորտում։ Նրա խոսքով, բանկի համար նախորդ տարին բեկումնային էր, և հաջողվեց հասնել այդ նպատակին։

«Մանրածախ վարկավորման պորտֆելն աճել է 53 տոկոսով։ Դա բավականին բարձր ցուցանիշ է բանկային համակարգում։ Այստեղ մեծ դեր են խաղացել նոր պրոդուկտները, մասնավորապես, վարկային սքորինգը։ Խոսքն այն վարկերի մասին է, որոնք ստանալու համար հաճախորդը ստիպված չէ այցելել բանկ։ Նաև ավելի քան 50 տոկոսով աճել է բանկի հիփոթեքային պորտֆելը»,– ասաց նա։

Թառումյանը նշեց, որ բանկը լավ արդյունքներ է ցույց տվել առևտրի ֆինանսավորման գծով` մոտ 60–տոկոսանոց աճ։ Նրա խոսքով, այսպիսի արդյունքն ապահովվել է 2018 թվականին դեպի Հայաստան կապիտալ ապրանքների ներկրման ծավալի զգալի աճի հաշվին, ինչը, հիմնականում իրականացվում է առևտրային ֆինանսավորման գործիքների հաշվին։

Ֆինանսական տնօրենը հայտնեց, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի բանկային համակարգի ակտիվները կազմել են 4.9 տրլն դրամ (ՀՆԱ–ի մոտ 83%–ը)։ Դա զգալի ցուցանիշ է, որը ցույց է տալիս, որ Հայաստանի բանկային համակարգը կատարում է իր դերը։ Բացի այդ, վարկերը կազմում են ՀՆԱ–ի 60 տոկոսը, այսինքն, բանկերը տնտեսության հիմնական վարկատուներն են։ -0-

«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:–0–