Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ամերիկյան գանձապետարանն ամբողջությամբ դուրս կգա General Motors–ի կապիտալից

20.12.2012, 10:45
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մտադիր է 12-15 ամիսների ընթացքում ամբողջությամբ դուրս գալ General Motors ավտոմեքենաշինական կորպորացիայից` անկախ շուկայական պայմաններից, ասվում է ամերիկյան գանձապետարանի հաղորդագրության մեջ, գրում է  РБК–ն։
Ամերիկյան գանձապետարանն ամբողջությամբ դուրս կգա General Motors–ի կապիտալից
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մտադիր է 12-15 ամիսների ընթացքում ամբողջությամբ դուրս գալ General Motors ավտոմեքենաշինական կորպորացիայից` անկախ շուկայական պայմաններից, ասվում է ամերիկյան գանձապետարանի հաղորդագրության մեջ, գրում է  РБК–ն։

Ֆինանսների նախարարությանն է պատկանում GM–ի բաժնետոմսերի 500.1 միլիոնը։ Ակնկալվում է, որ կորպորացիան գանձապետարանից հետ կգնի 200 մլն սեփական բաժնետոմսերը` յուրաքանչյուրի համար վճարելով 27.5 դոլար։ Այդ տրանզակցիան պետք է ավարտվի ընթացիկ տարվա վերջում։

Այնուհետև Ֆինանսների նախարարությունն աստիճանաբար կվաճառի GM–ի մնացած 300.1 մլն բաժնետոմսերը։ Նախապես համաձայնեցված ծրագրին համապատասխան` դրանց վաճառքը կսկսվի 2013 թվականի հունվարին։ Այն, թե ինչպես դրանք կվաճառվեն, առայժմ հայտնի չէ։

Նշենք, որ ամերիկյան տնտեսությունը փրկելու ծրագիրը (Troubled Asset Relief Program - TARP) 700 մլրդ դոլար ծավալով նպաստել է ԱՄՆ ֆինանսական համակարգի կայունացմանը, բայց մի շարք փորձագետների կարծիքով` չի հասել իր առջև դրված մի շարք նպատակների։

«Մեքենաշինության ոլորտին աջակցելու ծրագիրը թույլ է տվել երկրում ճգնաժամի ժամանակ պահպանել ավելի քան մեկ միլիոն աշխատատեղ,  բայց TARP–ը ծրագրվել էր որպես ժամանակավոր, ծայրահեղ միջոց։ Կառավարությունը չպետք է մասնավոր ընկերություններում մասնաբաժիններ ունենա տևական ժամանակ։ Այդ կապակցությամբ GM–ի կապիտալից գանձապետարանի դուրս գալը կապված է նաև TARP ծրագրի ավարտի հետ»,– նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։

General Motors–ն ավտոմեքենաների խոշորագույն արտադրող ընկերություն է, հիմնվել է 1908 թվականին։ Ընկերության միջազգային կենտրոնակայանը Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում է։ Աշխարհի ավելի քան 120 երկրներում գտնվող GM ձեռնարկություններում աշխատում է 209 հազար մարդ։ GM–ը և նրա ռազմավարական գործընկերներն ուղևորատար և բեռնատար ավտոմեքենաներ են արտադրում 31 երկրում, այդ թվում` սպասարկում և վաճառում են հետևյալ ապրանքանիշների արտադրանք` Baojun, Buick, Cadillac, Chevrolet, GMC, Daewoo, Holden, Isuzu, Jiefang, Opel, Vauxhall և Wuling։

2010 թվականի նոյեմբերի 17–ին GM–ն  IPO է սկսել, որպեսզի իրացնի ամերիկյան պետությանը պատկանող բաժնետոմսերի մի մասը։ Դրա չափը կազմել է 23.1 մլրդ դոլար` դառնալով խոշորագույնն ԱՄՆ–ի պատմության մեջ։
-0-