Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Առաջիկա հինգ տարիներին Հայաստանում կապիտալում արված ներդրումների պահանջարկը կկազմի մոտ 9 մլրդ դոլար. Grant Thornton

25.09.2013, 19:48
Առաջիկա հինգ տարիներին Հայաստանում կապիտալում արված ներդրումների պահանջարկը կկազմի մոտ 9 մլրդ դոլար, ասաց Հայաստանում Grant Thornton–ի ավագ խորհրդատու Դավիթ Մանուկյանը` «Կապիտալի հասանելիության դյուրացումը մրցունակ բիզնեսի համար» համաժողովի ընթացքում ներկայացնելով ընկերության կատարած ուսումնասիրությունը։
Առաջիկա հինգ տարիներին Հայաստանում կապիտալում արված ներդրումների պահանջարկը կկազմի մոտ 9 մլրդ դոլար. Grant Thornton
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա հինգ տարիներին Հայաստանում կապիտալում արված ներդրումների պահանջարկը կկազմի մոտ 9 մլրդ դոլար, ասաց Հայաստանում Grant Thornton–ի ավագ խորհրդատու Դավիթ Մանուկյանը` «Կապիտալի հասանելիության դյուրացումը մրցունակ բիզնեսի համար» համաժողովի ընթացքում ներկայացնելով ընկերության կատարած ուսումնասիրությունը։

«Կապիտալում արված ներդրումները ֆինանսավորման ավանդական աղբյուրներ չեն, բայց կարող են դրանք լրացնել»,– ասաց նա։

Մանուկյանի խոսքով, կապիտալում ներդրումների ամենամյա պահանջարկը հայկական շուկայում կազմում է 1.5-1.8 մլրդ դոլար։

«Մասնավոր կապիտալում ներդրումների համար հասանելի ռեսուրսների ծավալը, մեր գնահատականներով, կազմում է 50 մլն դոլար, որից 95 տոկոսը տրամադրվում է միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից»,– նկատեց փորձագետը, ավելացնելով, որ Grant Thornton–ի տվյալներով, Հայաստանում միջազգային ֆինանսական կազմակերպությունների (ЕБРР, ЧБТР, IFC) կապիտալ և վարկային համախառն ներդրումները 2012 թվականին կազմել են 150 մլն դոլար։

Հայկական կապիտալում ներդրումների պոտենցիալ ռեսուրսների շարքում Մանուկյանը նշեց կենսաթոշակային հիմնադրամները, գլոբալ ներդրումային հիմնադրամները, ապահովագրական ընկերությունները, ինչպես նաև տեղական և միջազգային ընկերությունները։

Բացի այդ, Grant Thornton–ի ավագ խորհրդատուն հրապարակեց Հայաստանում ներդրումային հիմնադրամի մոդելի ստեղծման արդյունքում ստացված ցուցանիշները։ Տվյալ մոդելը ենթադրում է 20 մլն դոլարի ներդրումային կապիտալի առկայություն հիմնադրամի տասնամյա գործունեության ընթացքում։

«Ուսումնասիրության անցկացման արդյունքում մենք եկանք եզրահանգման, որ ներդրումային հիմնադրամների ստեղծումը Հայաստանում շոշափելի ազդեցություն կունենա տնտեսության վրա և ավանդ կներդնի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման գործում»,– ավելացրեց նա։

2013 թվականի հուլիսին Հայաստանում սկսվել է «Granatus ventures» վենչուրային հիմնադրամի գրանցումը սինգապուրահայ գործարար Պիեր Հենեսի նախաձեռնությամբ։

Երևանում հիմնադրամի գործընկերը «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանն է, իսկ Լոնդոնում` վենչուրային ձեռնարկատեր, «Soros Fund Management»–ի նախկին ֆինանսական տնօրեն Երվանդ Սարգսյանը։ Ծրագրվում է, որ հայկական վենչուրային հիմնադրամի կապիտալը կկազմի 6 մլն դոլար, որի 50 տոկոսը կֆինանսավորի Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի վարկի հաշվին։

Ենթադրվում է, որ «Granatus ventures»–ը միջոցներ կներդնի ՏՏ ոլորտի սթարթափ ընկերությունների զարգացման մեջ` ոչ ավելի քան 50 տոկոսանոց բաժնեմասային մասնակցության տեսքով։ Զարգացմանը զուգընթաց ընկերությունը ծրագրում է աստիճանաբար հետգնել իր բաժնեմասը։
 
«Grant Thornton» ՓԲԸ–ն Grant Thornton International միջազգային ցանցի անդամ է։

Grant Thornton–ը Հայաստանում հիմնադրվել է 90–ականների սկզբներին։ Ընկերությունն իր հաճախորդներին տրամադրում է աուդիտորական, համալիր խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ, ինչպես նաև փորձագիտական գնահատականներ` ձեռնարկությունների, ազգային և առևտրային բանկերի, ֆինանսական ինստիտուտների, կառավարական, տեղական և միջազգային կազմակերպությունների։

«Grant Thornton» ՓԲԸ հաճախորդների շրջանում ավելի քան 20 բանկեր են, տասնյակ վարկային և ապահովագրական ընկերներ, հիմնադրամներ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, Տաջիկստանում, Ղրղըզստանում և այլն։

«Grant Thornton» ՓԲԸ–ն տարբեր ժամանակահատվածներում Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ է իրականացրել։

«Կապիտալի հասանելիության դյուրացումը մրցունակ բիզնեսի համար» համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության (EDMC / USAID) կողմից` «Փոքր ձեռնարկությունների աջակցության հիմնադրամներ» (SEAF) միջազգային ընկերության աջակցությամբ։ -0