Արդշինբանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ կնքեց ավելի քան 155 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք վարկային պայմանագիր
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ս․ թ․ նոյեմբերի 26-ին Արդշինբանկը և ՎԶԵԲ-ը նոր համագործակցության շրջանակներում ստորագրեցին թվով 3 պայմանագիր՝ ընդհանուր ավելի քան 155 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսավորման չափով` ուղղված երկրում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը, կանաչ տնտեսության ֆինանսավորման ընդլայնմանը և ենթակառուցվածքների զարգացմանը, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։
Այս ֆինանսավորմամբ «EU4Business-EBRD» վարկային գծի շրջանակում Արդշինբանկը կդառնա Հայաստանի առաջին բանկը, որը կստանա հատուկ նպատակային վարկ՝ ուղղված բացառապես տեղահանված անձանց տնտեսական ինտեգրմանը։ Վարկը նպատակ ունի կատարելագործել ֆինանսական հասանելիությունը տեղական ՄՓՁ-ների համար, որոնք պատկանում են փախստականներին կամ ստեղծում են աշխատատեղեր փախստականների համար։ Ծրագիրը ներառում է նաև վարկի գումարի մինչև 35%-ի չափով հետվճարի (cashback) դրամաշնորհ՝ ճկուն և հասանելի պայմաններով։
Միանալով ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսության ֆինանսավորման (GEFF) ծրագրին՝ Բանկը ստացված միջոցները կուղղի տնտեսության ամենաարդի ոլորտներից մեկի՝ Կանաչ տնտեսության ֆինանսավորմանը՝ միտված կլիմայական փոփոխությունների մարտահրավերների նվազեցմանը, ինչպես նաև Հայաստանում ժամանակակից և էներգաարդյունավետ նախագծերի իրականացմանը: Այս ծրագրի շրջանակում վարկառուները ևս կօգտվեն դրամաշնորհի հնարավորությունից։
«ՎԶԵԲ-ի հետ մեր ամուր, երկարամյա համագործացությունը վկայում է տնտեսության կարևորագույն ոլորտների զարգացմանը՝ միտված ռազմավարական ընդհանուր տեսլականի և փոխվստահության մասին։ Այս վարկային միջոցները կնպաստեն Բանկի ֆինանսական ծառայությունների մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև մեր հաճախորդների աճող և փոփոխվող պահանջներին համահունչ դիրքավորմանը», - իր խոսքում նշեց Արդշինբանկի Վարչության նախագահ Արտակ Անանյանը։
ՎԶԵԲ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին մեջբերեց. «Արդշինբանկի հետ այս նոր ֆինանսավորումը Հայաստանի ՄՓՄՁ-ներին մեր երկարամյա աջակցության շարունակությունն է՝ ուղղված նոր ներդրումների աճին և արդիականացմանը։ Նաև առաջին անգամ է նախատեսվում բացառապես փախստականներին նպատակային աջակցություն նախատեսող բաղադրիչը, որը հնարավորություն է տալու տեղահանված անձանց և իրենց կազմակերպություններին օգտվել ճկուն հնարավորություններից՝ նպաստելով առավել կայուն և ներառական մասնավոր հատվածի ձևավորմանը»։
Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, նշեց. «Արդշինբանկի և ՎԶԵԲ-ի հետ այս համագործակցության միջոցով ԵՄ-ն վերահաստատում է Հայաստանի կայուն և ներառական զարգացմանն ուղղված իր առաքելությունը։ Այս ֆինանսական փաթեթը կարևոր է հայկական բիզնեսի մրցունակության բարձրացման և բոլոր քաղաքացիների համար հավասար պայմանների ստեղծման տեսանկյունից»։
Արդշինբանկը ՎԶԵԲ-ի երկարամյա գործընկերն է։ Բանկը ֆինանսական համակարգի առաջատարի դիրքով, մասնաճյուղային ամենամեծ ցանցով և մոտ 580,000 հաճախորդների բազայով շարունակում է իրականացնել կարևորագույն դերակատարում՝ մասնավոր հատվածի զարգացման գործում։
Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor's (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր:
Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: