Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

«Արմավիա»–ն Հանրային խորհրդին ընկերության առողջացման միջոցառումների ծրագիր է ներկայացրել

25.04.2013, 20:25
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը, որը 2013 թվականի ապրիլի 1–ից որոշում էր ընդունել թռիչքների դադարեցման և սնանկացման ընթացակարգի մեկնարկի մասին, Հանրային խորհուրդ ընկերության առողջացման միջոցառումների ծրագիր է ներկայացրել, Հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարեց ՀԽ ղեկավար Վազգեն Մանուկյանը։

«Արմավիա»–ն Հանրային խորհրդին ընկերության առողջացման միջոցառումների ծրագիր է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը, որը 2013 թվականի ապրիլի 1–ից որոշում էր ընդունել թռիչքների դադարեցման և սնանկացման ընթացակարգի մեկնարկի մասին, Հանրային խորհուրդ ընկերության առողջացման միջոցառումների ծրագիր է ներկայացրել, Հանրային խորհրդի լիագումար նիստում հայտարարեց ՀԽ ղեկավար Վազգեն Մանուկյանը։

Մասնավորապես, նրա խոսքով, «Արմավիան» առաջարկում է վերացնել ավիատոմսի արժեքում ներառված 10 հազար դրամի չափով պետական տուրքը (այսպես կոչված` օդի հարկ. «ԱՌԿԱ»), հավասար պայմաններ ստեղծել շուկայում, տրամադրել ավիացիոն վառելիքի ինքնուրույն ձեռք բերման հնարավորություն, վերակազմավորել պետության նկատմամբ ընկերության պարտքերը և այլն։

Մանուկյանն ընդգծեց, որ «Արմավիայի» առաջարկություններն ավելի մանրամասն քննարկման և ուսումնասիրման կարիք ունեն։

Ինչպես քննարկման ընթացքում նշեց Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը, ինչպես պետկառույցները, այնպես էլ մասնավոր ընկերությունները, մասնավորապես, «Արմենիա – Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը, բազմիցս ընդառաջ են գնացել «Արմավիային», սակայն մինչ օրս նրա ֆինանսական քաղաքականությունն անհասկանալի է։

Նշվել է նաև, որ բազմաթիվ ուղղություններով ընկերությունը մենաշնորհ է ունեցել, և առաջացած խնդիրները, նախևառաջ, կապված են մարքեթինգային վատ քաղաքականության հետ։

ՀԽ ևս մեկ անդամ` Կարեն Դանիելյանն ասաց, որ խնդիրներն առաջացել են արդեն այն ժամանակ, երբ հայկական ավիաընկերությունները վաճառվել և սեփականաշնորհվել էին։

«Այդ քայլի պատճառով մենք կորցրեցինք փոքր ավիացիան։ Ազգային անվտանգության տեսանկյունից պետության մոտեցումը ստեղծված իրավիճակում պետք է խստագույնը լինի»,– ասաց նա։

Դանիելյանը նաև մտահոգություն հայտնեց այն առումով, որ մինչ լուծվում է ազգային ավիափոխադրողի հետ կապված խնդիրը, բազմաթիվ փորձառու օդաչուներ կարող են այլ աշխատանք գտնել և հեռանալ Հայաստանից։

Քննարկումների արդյունքում Հանրային խորհուրդը որոշում ընդունեց դիմել կառավարությանը մի փաստաթղթով, որում կնշվի Հայաստանում տեղական ավիափոխադրողների առկայության և նրանց համար մրցակցային հավասար պայմանների ստեղծմանն օժանդակելու անհրաժեշտությունը։

Միաժամանակ, ՀԽ–ն կարծում է, որ անհրաժեշտ է ապահովել ոլորտի փուլային ազատականացումը` ելնելով այսօրվա համաշխարհային միտումներից։ ($1–412,94 դրամ է)։— -0-