Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հունաստանի և Քաթարի ավիաընկերությունները դեպի Հայաստան չվերթեր կսկսեն իրականացնել 2015թ.–ին. նախարար

26.12.2014, 14:59
QATAR AIRWAYS (Քաթար) և AEGEAN AIRLINES (Հունաստան) ավիաընկերությունների ներկայացուցիչները հայկական կողմի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել են դեպի Հայաստան 2015 թվականին չվերթեր սկսելու մասին, հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ուրբաթ ամփոփիչ մամուլի ասուլիսում։
Հունաստանի և Քաթարի ավիաընկերությունները դեպի Հայաստան չվերթեր կսկսեն իրականացնել 2015թ.–ին. նախարար

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. QATAR AIRWAYS (Քաթար) և AEGEAN AIRLINES (Հունաստան) ավիաընկերությունների ներկայացուցիչները հայկական կողմի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել են դեպի Հայաստան 2015 թվականին չվերթեր սկսելու մասին, հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ուրբաթ ամփոփիչ մամուլի ասուլիսում։ 

«Ներկայում հայկական կողմը բանակցություններ է վարում նաև SINGAPORE AIRLINES (Սինգապուր) և QANTAS AIRWAYS (Ավստրալիա) ավիաընկերությունների հետ։ 2014 թվականին մենք նաև հաջող բանակցություններ ենք վարել British Airways–ի հետ»,– ավելացրեց նա։ 

Նախարարն ընդգծեց, որ ներկայում օդային հաղորդակցության ոլորտն արդեն ազատականացվել է վեց երկրների` Ռուսաստանի, Ավստրիայի, Իրանի, Իսպանիայի, Թուրքմենստանի և Իրաքի հետ։ 

«Օդային հաղորդակցության ազատականացումը ևս չորս պետությունների (Իտալիա, Բուլղարիա, Իսրայել, Թաիլանդ) դեռ բանակցությունների փուլում է։ Եվս 11 երկրներ արդեն արձագանքել են Հայաստանի առաջարկին` ավիափոխադրումների ազատականացման բանակցությունները սկսելու վերաբերյալ։ Դրանց թվում են` Քաթարը, Քուվեյթը, Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Գերմանիան, Չեխիան, Ուկրաինան, Չինաստանը, Սինգապուրը, Կուբան»,– ասաց Ճշմարիտյանը։ 

Հայաստանի կառավարությունը 2013 թվականի հոկտեմբերի 23–ին հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը», որը հիմնված է «McKinsey & Company» ընկերության և Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամի համատեղ ուսումնասիրության վրա։ -0-