Рейтинг@Mail.ru
USD
381.39
EUR
445.43
RUB
4.7442
GEL
141.58
2026 թ. հունվարի 9, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Այս անգամ գալիս է և՛ պրեմիում, և՛ ռեգուլյար, և՛ դիզել․ Պապոյանը՝ Ադրբեջանից Հայաստան ներկրվող վառելիքի մասին

Երեկ, 12:28
Նախնական գնահատականներով շուկայականից մինչև 80 դրամ էժան է լինելու, ասել է նախարարը
Այս անգամ գալիս է և՛ պրեմիում, և՛  ռեգուլյար, և՛ դիզել․ Պապոյանը՝ Ադրբեջանից Հայաստան ներկրվող վառելիքի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի/ԱՌԿԱ/ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է Ադրբեջանից Հայաստան ներկրվող վառելիքի նոր խմբաքանակին և հայտնել, որ այս անգամ Հայաստան է գալիս է և՛ պրեմիում, և՛ ռեգուլյար, և՛ դիզել տեսակի վառելիք։

«Նախնական գնահատականներով շուկայականից մինչև 80 դրամ էժան է լինելու», - հայտնել է Պապոյանը՝ նշելով, որ ներմուծվող խմբաքանակը հասնելու է մինչև մի քանի հազար տոննայի։

Ըստ նախարարի՝ այս երևույթը չպետք է լինի սենսացիա, քանի որ սենսացիան առաջին անգամն էր, բայց սա արդեն 2-րդ –ն է, և կլինեն դեռ 3-րդ, 5-րդ և նույնիսկ 15-րդ խմբաքանակները։

«Ես այլևս այդ պրոցեսով չեմ զբաղվելու, որովհետև ինքը ռելսերի վրա ընկած է, ոնց որ չեմ զբաղվում, երբ Չինաստանից ինչ-որ բան է բերվում», - ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ մյուս ընկերությունները նույնպես պետք է բանակցեն իրենց մատակարարների հետ կամ այդ նույն ընկերության հետ, որպեսզի կարողանան էժան, բենզին բերեն, որի շահողը մեր քաղաքացիներն են, քանի որ նախորդը մի քանի օրում ամբողջությամբ սպառվել, վաճառվել է, այսինքն՝ այդ բենզինի պահանջարկը շատ մեծ է։

Նշենք, որ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան ուղարկված ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանեց «Այրում» երկաթուղային կայարան։ Գնացքը բաղկացած էր 22 վագոնից՝ բեռնված 1218 տոննա քաշով A-95 տեսակի բենզինով։

Ադրբեջանից Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումները հնարավոր են դարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունների, ինչպես նաև Միացյալ Նահանգների և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի շնորհիվ: